Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ստանձնած պարտավորությունները․ ԱԳՆ
Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին, նշված է հայտարարությունում։
«Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։
Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։
Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։
Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը:
Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»,- ասված է հայտարարության մեջ։