Մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը. Ջո Բայդեն
Այսօր մի պահ կանգ ենք առնում հիշելու Մեծ Եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և վերահաստատելու՝ երբեք չմոռանալու մեր խոստումը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«1915թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին՝ սկիզբ դնելով հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ ուղարկվեցին երթի՝ դեպի մահ՝ ողբերգություն, որը ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
«Միանալով աշխարհի տարբեր երկրների ժողովուրդներին՝ հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց, և իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն և երաշխավորեն, որ ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ 108 տարի առաջ, այլևս երբեք չկրկնվի»,- հավելել է Բայդենը:
«Այսօր եկեք վերահաստատենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք բարձրացնել մեր ձայնն ընդդեմ ատելության, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»,-եզրափակել է նա: