Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդեն պաշտոնապես արգելափակել է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքը` անցակետ տեղադրելով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Բաքուն իր այդ գործողություններն արդարացնում է իբր Հայաստանից Արցախ զենքի տեղափոխությունը դադարեցնելու նպատակով, ինչը պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը կեղծիք են համարում:

Իսկ անցակետ տեղադրելու քայլը Հայաստանի ԱԳՆ-ն անվանում է եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։

Ադրբեջանի ապօրինի գործողություններին այսօր արդրադարձել են հայ քաղաքագետները, ինչպես նաև «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս Դե Վաալը, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ տեսակապի միջոցով։ Վերջինները շեշտադրել են, որ Արևմուտքի ու Ռուսաստանի ուշադրությունն այսօր կենտրանացած է ուկրաինական իրադարձությունների վրա, նրանք նաև ընդունել, որ վիճակը ճգնաժամային է, և որ Ալիևը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։

Լաչինի միջանցքն արդեն ագրելափակվել է պաշտոնապես, հակառակորդն անցակետ է տեղադրել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է։

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կատարվածը որակել է խաղաղության գործընթացում վստահությանն ուղղված ջանքերը խաթարող քայլ:

Փարիզը դատապարտել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը` պահանջելով Բաքվից վերականգնել միջանցքով անխափան տեղաշարժը։

Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայած Ռուսաստանը, որը փաստացի հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը, և Լաչինի միջանցքի ապահովության պատասխանատուն, ևս անընդունելի է համարում միակողմանի գործողությունները, որոնցով խախտվում են եռակողմ հայտարարության դրույթները:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ կատարվածը ոչ թե անսպասելի էր, այլ սկսված գործընթացի շարունակություն։

 «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս Դե Վաալը շեշտում է, որ կատարվածը եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում է ու ևս մեկ քայլ՝ դեպի նոր հակամարտություն։

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ Բաքվի համար այսօր պայմանները բավականին նպաստավոր են նման գործողությունների համար․

«Ռուսաստանը Ուկրաինայում է։ Ոչ մի Արևմուտք և Ֆրանսիա ոչինչ չեն կարող փոխել։ Ի՞նչ կտա Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը՝ ոչինչ։ Բաքուն վստահ է, որ իրեն կներեն, կհանդուրժեն արարքները։ Իսկ Ադրբեջանը իր պատկերացումներն ունի տարածքային ամբողջականության մասին։ Ենթադրենք՝ Մակրոնը ճանաչեց Արցախի անկախությունը, իսկ Նիկոլ Փաշինյաը պատրա՞ստ է ճանաչել։ Ապրիլի 18-ի հայտարարությունը դրա մասին չի վկայում»։

Ալեքսանդր Իսկանդարյանի հստակեցմամբ՝ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, Ադրբեջանին Ղարաբաղն է պետք և փորձում է ձեռքում եղած բոլոր միջոցներով հասնել նպատակին։ Բաքուն պատրաստ չէ քաղաքական ձևաչափերում հարցի լուծման, կարծում է քաղաքագետը։

Թոմաս Դե Վաալն էլ ցավով նշում է, որ դիտորդ չէ և լծակներ չունի ազդելու իրադրության վրա։

Ի պատասխան՝ Մարկեդոնովը հակադարձում է՝ քննադատելը հեշտ է։ ՌԴ խաղաղապահների ներկայությունը և հնչող հայտարարությունների տարբերությունը նկատելի է։ Միջազգային հարթակներում հնչող հայտարարությունները կարողացա՞ն կասեցնել արյունահեղությունը, հարցնում է ռուսաստանցի քաղաքագետը։

Մի՞թե Բաքուն այդքան կարևոր է Արևմուտքի ու Ռուսաստանի համար։ Այս հարցում Թոմաս Դե Վաաալը բավականին անկեղծանում է․

«Արևմուտքը, ինչպես և Ռուսաստանը, ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, այնտեղ ծանր պատերազմ է գնում։ Քչերն են ուշադրություն դարձնում Արցախի շուրջ  իրավիճակին։ Ադրբեջանը բավականին խելացի ու դանդաղ տակտիկա է վարում է։

Կարծում եմ՝ Արևմուտքը, այսպես ասած, կարթնանա այն ժամանակ, ցավոք, երբ նոր հակամարտություն կսկսվի Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև։ Կարող եմ միանշանակ ասել, որ նման հակամարտություն, ցավոք, կլինի»։

Մարկեդոնովը համաձայնում է այն դիրքորոշմանը, որ Բաքվի համար իրադրությունը շատ նպաստավոր է, նաև շեշտում է, որ Ադրբեջանի պաշտոնական դեմքերը այնպես չեն վարվում, ինչպես Սահակաշվիլին, օրինակ՝ ռուսաց լեզվին արհամարհանքով չեն վերաբերվում։

Քաղաքագետ ԱլեսքսանդրԻսկանդարյանը այս անկեղծացումներից հետո նկատում է, որ անվտանգության հարցում պատկերացումները անհամաչափ են․ 

«Եթե Հայաստանի ու առավել ևս Արցախի համար դա գոյության հարց է, և եթե անվտանգության բալանսը խախտվի, դա  աղետ է հայ ժողովրդի համար, ապա Ռուսաստանի համար դա մեծ խճանկարի մի մասն է, և Արցախի հարցը այդ խճանկարում ամենակարևորը չէ։ Նույնը Արևմուտքի համար է։ Արևմուտքի համար հետաքրքիր է, թե ինչ է անում Ռուսաստանն այնտեղ»։

Այս իրավիճակում շտապողականություն կա Ալիևի մոտ՝ քանի դեռ հնարավոր է, արագ վերցնել որքան հնարավոր է։ Սակայն շատ բան պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես կզարգանա իրադրությունը Ուկրաինայում, ավելացնում է Իսկանդարյանը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ, ի պատասխան հնչած ռուսական ու արևմտյան դրիքորոշումների, նկատում է, որ պետք է հաշվի առնել, որ 4 ամսից ռուսները կարող են չլինել Արցախում, և դա պետք է հաշվի առնել։ Եթե Ռուսաստանը շարունակի իրեն այսպես պահել, ապա պետք է նաև մտածի, որ ռուսական ներկայություն Հարավային Կովկասում կարող է այլևս չլինել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն