Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետեւաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձեւաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական եւ ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ