Որոշել եմ առաջադրվել. Վանաձարի քաղաքապետ
Նախօրեին ԿԸՀ-ն որոշեց, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: Ի թիվս այլոց ընտրություններ են լինելու նաև Վանաձորում, որի քաղաքապետ Մամիկոն Ալսանյանը մտադիր է կրկին առաջադրվել: Lragir.am-ը զրուցել է Մամիկոն Ասլանյանի հետ:
Պարոն Ասլանյան, որքանո՞վ է հավանական, որ այս անգամ ձեր թեկնածությունն առաջադրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Իրականում այս պահին ոչ մի բան չկա, որ հավանական կամ անհավանական լինի: Իրոք, այս պահին որևէ շոշափելի, առարկայական բան:
Իսկ ինչո՞ւ եք որոշել նորից առաջադրվել:
Ես գտնում եմ, որ պետք է նորից առաջադրվեմ և մեր կիսատ թողած գործերը շարունակեմ: Այո, որոշել եմ առաջադրվել: Ես հայտ եմ ներկայացնում, իսկ որոշողը քաղաքացիներն են:
Ի՞նչ կիսատ թողած գործ ունեք, պարոն Ասլանյանը:
Դա չեմ կարող ասել, մի օր պետք է գաք քաղաքապետարան, մեր 4-5 տարվա զարգացման ծրագիրը, աշխատանքային պլանը ցույց տամ, ասեմ՝ ինչ ենք արել և դեռ ինչ ունենք անելու:
Քաղաքացիների շրջանում դուք ունե՞ք աջակցություն:
Էդ արդեն քաղաքացիներից պետք է հարցնեք: Ես թվային տվյալներ չունեմ, այդպիսի բաներով չեմ զբաղվում: Ես ինքնագովեստով զբաղվելու բնավորություն չունեմ: Երևի ճիշտ կլինի քաղաքացիներից հարցախույզ անել, տեսնել:
Նախկինում դուք քաղաքապետի թեկնածու առաջադրվել եք ՀՀԿ-ի կողմից, հիմա ՀՀԿ-ականները չեն նեղանա՞ ձեզնից, եթե այլ ուժի կողմից առաջադրվեք:
Ես որևէ բան ասացի՞, որով կարող էի մեկին նեղացնել: Ես այս պահին զգայական հարցերի պատրաստ չեմ պատասխանել: Որևէ բան ես այս պահին չասացի, որ ինչ-որ մեկը նեղանա: Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք, բայց ես դրա պատասխանը չունեմ, որ ասեմ:
Մամուլը գրում է, որ առավել հավանական է, որ ՔՊ-ի ցուցակով մասնակցեք ընտրություններին:
Եթե մամուլը գրում է, ուրեմն ճի՞շտ է գրում կամ ճշտանմա՞ն է գրում: Եթե ես ասում եմ, որ այս պահին որևէ որոշում չկա, որտեղի՞ց կարող է մամուլը գրի: Մի բան, որ անձամբ ինձ հետ է կապված, ի՞նչ կապ ունի, թե ով ինչ է գրում:
Քաղաքական ուժերի հետ հանդիպումներ չե՞ք ունենում:
Ես քաղաքացիների հետ հարաբերվելիս քաղաքական ենթատեքստ տակը չեմ դնում: Կարող է 100 հոգու հետ հանդիպեմ տարբեր քաղաքական կենսագրություն ունեցող: Ես այս պահին քաղաքական հանդիպումներ չեմ ունենում: Մարդկային հարաբերություններ բոլորի հետ էլ ունենում եմ: