Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը:

Դատարանը, որպես հետևանք, անվավեր է ճանաչել նաև անշարժ գույքի վերաբերյալ գրավի (հիփոթեքի) պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 12366 առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիմքով կատարված իրավունքի պետական գրանցումը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշմամբ և 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել էին համապատասխանաբար՝ 17077,6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը՝ որպես «Հաղթանակ» զբոսայգու մաս, ընդգրկված էին ՀՀ հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման:

Գլխավոր դատախազության կողմից 2022 թվականի ապրիլի 25-ին երկու հայց էր հարուցվել դատարան: Հայցերից մեկով՝ Գլխավոր դատախազությունը պահանջել էր առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից կայացված՝ «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը և, որպես հետևանք, պահանջել էր անվավեր ճանաչել իրավունքի պետական գրանցումը: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Երևանի քաղաքապետը, անտեսելով նշված տարածքն ըստ Երևանի գլխավոր հատակագծի զբոսայգու տարածք հանդիսանալու և, որպես այդպիսին, ՀՀ հողային օրենսգրքի 60- րդ հոդվածում ընդգրկված լինելու հանգամանքը, և գիտակցելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Լ.-ի կողմից 2006 թվականի մարտի 16-ին տրված թիվ 18-09/2-881 եզրակացության ոչ իրավաչափ բնույթը (հողամասի՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում չգտնվելու վերաբերյալ տեղեկության ոչ ճշմարտացի լինելը), իր՝ 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշման 1-ին կետով Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքում (Ազատության պողոտա 2/2) 17077,6 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել էր «Գոլդեն Փելիս» հյուրանոցին: Նույն որոշման 3-րդ կետով՝ Երևանի քաղաքապետը չեղյալ էր համարել Երևանի քաղաքապետի՝ 2003 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 2060-Ա որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 2003 թվականի նոյեմբերի 18-ին թողարկված՝ «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի թիվ 3505-2003 գլխավոր հատակագիծը՝ 17077,6 քմ մակերեսի չափով, որով զբոսայգու զբաղեցրած հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Այսպիսով, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն