Հայաստանի արտաքին պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը․ անհանգստանա՞լ, թե՞ ոչ
Կառավարությունն այսօր հաստատել է 2022 թ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Այն, օրենսդրության համաձայն, պետք է մինչև մայիսի 1–ն ուղարկվի խորհրդարան։ 2022 թվականի տնտեսական արդյունքներից կառավարությունում գոհ են։ Ռուս–ուկրաինական հակամարտության պատճառով մի շարք երկրներում՝ հատկապես Հայաստանի գործընկեր, տնտեսական աճի դանդաղում է արձանագրվել։ Համավարակից ու 44–օրյա պատերազմից հետո ՀՀ տնտեսությունը սկսել էր վերականգնվել։ Հայաստան օտարերկրացիների ներհոսքով պայմանավորված՝ 2022–ի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպերը, հատկապես ծառայությունների ոլորտում, ավելացել են։ Եկամուտներում ու ծախսերում աճ է արձանագրվել։ Կրճատվել է բյուջեի դեֆիցիտը։
Հայաստանի արտաքին պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը։ Այդ ցուցանիշը կառավարության ղեկավարը մտահոգիչ չի համարում։ Պետական պարտքի մեջ կառավարությունն ավելացրել է նաև դրամային պարտքի մասնաբաժինը՝ այն կազմում է ընդհանուր պարտքի 40 տոկոսը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ սա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը։
«Այդ ցուցանիշը 28 տոկոս է եղել նախորդ ժամանակաշրջանում: Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ: Եթե խոսենք պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասը արտարժույթով է, իսկ մյուս մասը պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով»,– ասում է նախարարը։
Խնդիրը ոչ թե պարտքն է, այլ այն, թե ինչպես են գումարներն ուղղվում տնտեսական աճին, ինչպիսի կապիտալ ծախսեր են կատարվում, ասում է Նիկոլ Փաշինյանն ու վստահեցնում․
«Մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, ՀՆԱ-ի 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր»։
Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2022-ին էականորեն նվազել է` կազմելով 46.7 տոկոս` կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն: Պարտքը 2022–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար։ Ըստ վարչապետի՝ 2023–ի վիճակագրական տվյալները նույնպես հուսադրող են․
«Ապրիլին մենք պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների բացառիկ ցուցանիշ ունենք։ Արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ։ ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ»։
ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսության լոկոմտիվը ծառայությունների, առևտրի ու շինարարության ոլորտներն են։ Տնտեսությունը նոր ռեժիմով է աշխատում՝ արձանագրում է տնտեսագետը․
«Տնտեսությունն աշխատում է նոր ռեժիմի մեջ, որտեղ կարևոր դերակատարում ունեն ռուս–ուկրաիանական պատերամզի հետևանքով Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր անձինք»։
Շինարարության ոլորտում արձանագրված աճի մեջ կարևոր տեղ ունի հատկապես առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձի դրույթը։ Չնայած դրան՝ 2025թ հուլիսի 1–ից այն Երևանում ամբողջությամբ կկասեցվի․
«Պետք է նկատի ունենալ և շինարարության ոլորտում առկա երկնիշ աճը՝ այս տարվա առաջին եռամսյակի հետ համեմատելիս։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ օտարերկյա ուղղակի ներդրումների մի մասը ուղղվել է անշարժ գույքի շուկա, ինչը նշանակում է, որ շինարարության ոլորտը հետաքրքիր է օտարերկրացիների համար»։
Փորձագիտական դաշտում կարծում են, որ տնտեսական աճը կդանդաղի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները։ Բայց եռամսյակային տվյալներն այս պահին հուսադրող են։