ՄԱԿ մարդու իրավունքների գծով նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը կգլխավորի Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ Գազայում վերջին հակամարտության ժամանակ կատարված ենթադրյալ հանցագործությունների հետաքննության միջազգային հանձնաժողովը, ասվում է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունում։

Առնվազն 250 պաղեստինցի եւ 13 մարդ է սպանվել Իսրայելում դաժան մարտերի ժամանակ, որոնց ընթացքում Գազայի գրոհայինները հրթիռակոծում էին իսրայելական քաղաքները, իսկ Իսրայելը օդային հարվածներ էր հասցնում մերձափնյա անկլավին։

ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը տեղեկացրել է խորհրդին, որ մահաբեր իսրայելական հարվածները Գազային կարող են ռազմական հանցագործություն համարվել, եւ «ՀԱՄԱՍ»-ը խախտել է միջազգային հումանիտար իրավունքը՝ հրթիռներ արձակելով Իսրայելի դեմ։

«Զարմանալի չէ, որ այդ մեխանիզմի նպատակը Իսրայելի թույլ տված խախտումների հայտնաբերումն է եւ, միաժամանակ, «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության կատարած հանցագործությունները Գազայի հատվածում արդարացնելը»,- ասվում է Ժնեւում ՄԱԿ-ին առընթեր Իսրայելի առաքելության հայտարարությունում։

Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունում ասվում է, որ հարաֆրիկացի նախկին դատավոր Փիլեյը, որը զբաղեցրել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի պաշտոնը 2008-2014թթ., կգլխավորի երեք մարդուց բաղկացած խումբը, որի մեջ կմտնեն նաեւ հնդիկ փորձագետ Միլուն Քոթարին եւ ավստրալացի փորձագետ Քրիս Սիդոթին։

Քննիչները, որոնց խնդրել են փորձել պարզել մեղավորներին՝ ապահովելու համար նրանց պատասխանատվության ենթարկումը, պետք է իրենց առաջին հաշվետվությունը ներկայացնեն 2022թ. հունիսին։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն