Մեծամորի մշակույթի տունը գործում է, բայց հիմնանորոգման կարիք ունի
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տան մուտքի պատերն ու աստիճանները վնասվել են դեռ 1988թ-ի երկրաշարժից և շարունակում են վթարային լինել նաև այսօր։ Շինությունը 90-ականներից չի վերանորոգվել, բայց շարունակել է գործել։ Մեծամորի մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի: Գործի մի մասն արվել է համայնքի 2022թ սուբվենցիոն ծրագրով:
Մեծամոր քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մշակույթի տունը շահագործման օրվանից՝ 1986թ-ից ի վեր, երբևէ դռները չի փակել հանդիսատեսի ու սաների առջև: Ի տարբերություն այլ շինությունների , որոնք 90-ականներին վնասվել կամ քանդվել են, Մեծամորի մշակույթի տան աշխատակազմի ջանքերով ամեն ինչ պահպանվել է. այստեղ կազմակերպվել են թատերական ներկայացումներ, մշակութային միջոցառումներ:
Ռազմիկ Գեղամյանը երկար տարիներ ղեկավարել է կառույցը. «Կարողացանք այնպես անել, որ չթալանվի, ինչքան հնարավոր է կարողացանք պահպանել: 1990-ական թվականներին օջախը լիովին գործել է, այն ժամանակ կենտրոնացված ջեռուցում կար. Մեծամոր քաղաքի հետ նաև ջեռուցվում էր մշակույթի տունը մինչև 1993թ-ի կեսը»:
Մեծամորի մշակույթի տան բեմում հանդես են եկել Խորհրդային Միության տարբեր երկրների մշակութային համույթները: Շենքն այժմ չի ջեռուցվում, խնամքով պահպանված գույքը հնացել է, արդիականացման կարիք ունի: Եռահարկ մեծ շենքի լռությունն ամեն օր խախտում են տեղի խմբակների սաներն ու ընթերցողները: Մշակույթի տան տնօրեն Արմինե Մարգարյան.
«Մշակույթի տանը գործում է 3 խմբակ՝ կերպարվեստի, ասեղնագործության և պարի, այստեղ է գտնվում նաև Մեծամորի հանրային գրադարանը, որի գրքային ֆոնդը գերազանցում է 32000 կտոր գրականությունը: Շատ ընթերցողներ ունենք, և՛ գրադարանում, և՛ խմբակներում բավականին ակտիվություն կա»:
Երեք խմբակներ տարիքային տարբեր խմբերի երեխաներ են հաճախում, ազատ ժամանակը լրացնում սիրելի զբաղմունքով.
«Ես Սաշա Ավետիսյանն եմ, 7 տարեկան, նկարում եմ գարուն: Դե, դուք գիտեք, որ գարունը շատ գեղեցիկ է: Սրանք գարնան ծաղիկներն են՝ տարբեր գույների, հիմա ուզում եմ, ծառերի վրա էլ ծաղիկներ նկարեմ, հետո զատիկներին ու ծիծեռնակներին»:
«Էլեն Սարիբեկյան, ես Անահիտ աստվածուհու գլուխն եմ նկարում, արդեն 10 տարի հաճախում եմ կերպարվեստի խմբակ»:
Պարի խմբակում նոր պար են բեմադրում: Պարուսույց-խմբավար Սեդա Նահապետյան.
«Բոլոր փառատոններին աշխատում ենք մասնակցել, երբ լրիվ պատրաստ ենք լինում, հյուրախաղերով առայժմ կարողանում ենք միայն Վրաստան գնալ: Շուտով նրանք են գալու Էջմիածին: Մենք շատ դիպլոմներ, մեդալներ ու գավաթներ ունենք»:
1 / 7
Մեծամորի մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի: Համայնքի 2022թ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է տանիքը, փոխվել են մուտքի դռները: Ծրագրի ընդհանուր արժեքը 14.5 մլն դրամ է, որի 65 տոկոսը ֆինանսավորել է կառավարությունը: Շենքի մուտքի պատերին առկա են մեծ ճաքեր:
Ռազմիկ Գեղամյան. «Երկրաշարժի հետևանքով են առաջացել ճաքերը. սկզբում փոքր էին, աստիճանաբար մեծացան: Հիմա պետք է վերանորոգեն, ճաքերը՝ վերացնեն: Նստվածքից աստճաններն էլ են թեքվել»:
Այս տարի սուբվենցիոն ծրագրով շարունակվելու է շենքի հիմնանորոգումը, սեյսմիկ եզրակացությամբ միայն մուտքի հատվածն է վնասված՝ ասում է Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը.
«Շենքի դիմացի մասը երկրաշարժից հետո նստվածք է տվել, նախագծով նախատեսում ենք ուժեղացում: Սեյսմկությունը որոշել ենք, շենքը վթարային չէ, շատ լավ վիճակում է և միայն դիմացի աստիճանների հատվածում է նստվածքը»:
2023թ-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսել են վերանորոգել մշակույթի տան մեծ դահլիճը, իսկ փոքր դահլիճի վերանորոգումը սկսել են անցած տարվա վերջից: Աշխատանքները նախաձեռնել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրամիության և համայնքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ: Մշակույթի տան տնօրեն Արմինե Մարգարյան.
«Փոքր դահլիճի վերանորոգումից հետո այն դառնալու է «Գիտելիքի և վերապատրաստման կենտրոն», որն ավելի է աշխուժացնելու երիտասարդների մուտքը մշակույթի տուն, այսինքն՝ իրենք պետք է ներգրավվեն մշակութային կյանքին, որտեղ ստեղծվելու են բոլոր պայմանները»:
Սուբվենցիոն ծրագրերով կառավարությունը շարունակում է համաֆինանսավորել մշակույթի տների հիմնանորոգման ծախսերը: Անցած տարի ապահովվել է Նոր Կեսարիա գյուղի մշակույթի տան ջեռուցումը:
Վարչական ղեկավար Հրայր Գալստյան. «Անցած տարի ջեռուցման համակարգ են անցկացրել մշակույթի տան դահլիճում, մարզադահլիճում և բուժամբուլատորիայում: Գազաֆիկացման նախագծա-նախահաշվային փատաթղթերը կազմման ընթացքում են, գազի գիծը մտնելու է մշակույթի տուն»:
Նոր Կեսարիայի մշակույթի տան ջեռուցման համար ծախսվել է շուրջ 7 մլն դրամ: Մեծամոր համայնքի ղեկավարը հավաստիացնում է՝ 2025թ-ին չվերանորոգված մշակույթի տուն չեն ունենա: Համայնքը ներառում է 30 գյուղ և Մեծամոր քաղաքը: