Ավտոբուսի վարորդն իրեն ագրեսիվ է պահել, ծխել է, մնացորդը դուրս նետել և ուղևորներին հորդորել մանրադրամը փոխանցել իրեն. նա հեռացվել է աշխատանքից
Նախորդ շաբաթ համացանցում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում, գրառում էր տեղադրվել, որում բողոք կար ավտոբուսի վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի մասով՝ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
«Գրառման մեջ ասվում էր, որ վարորդն իրեն ագրեսիվ է պահել վարելու ընթացքում, ծխել է, մնացորդը դուրս նետել ու նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն»,- ասաց նա:
«Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, ու դիտել է տեսանյութը:
«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, ուղևորին ասել է մանրադրամը տվեք ինձ, չի թողել, որ գցեն արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են մաքուր, սափրված, ավտոբուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որոնք կշարունակեն ծխել, հայտնաբերվելուց հետո կհեռացվեն աշխատանքից:
Ես մեր համաքաղաքացիներին ուզում եմ խնդրել, որ ավտոբուս բարձրանալիս ունենան 100 դրամանոց և անմիջապես գցեն արկղը, չտան վարորդին»,- ասաց նա:
Քաղաքապետի պաշտոնակատարը հորդորեց տեսախցիկները սարքին վիճակում պահել, որպեսզի նմանօրինակ դեպքերի պարագայում հնարավոր լինի արագ արձագանքել, պարզել իրականությունը և համապատասխան լուծումներ տալ: