Հայ վարորդներն ահազանգում են՝ «խտրական վերաբերմունք է Վրաստանի ճանապարհներին». ասում են՝ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին արգելում են հատել սահմանը։

Հայկական պետհամարանիշներով բազմաթիվ մեքենաներ կրկին կուտակումների մեջ են դեպի Ռուսաստան տանող Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Հայ վարորդներից Անդրանիկ Խաչատրյանն ապրիլի 21-ից Վրաստանի տարածքում է, նկատում է՝ Լարսի ճանապարհին Հայաստանի տնտեսական աճն առաջնային չէ․ 

«Վրացական բեռնատարներն անցնում են առանց հերթի․ այստեղ Վրաստանի տնտեսական աճն է առաջնային․ մենք մինչ կանգնած ենք, նրանք մի քանի անգամ գնում, հետ են գալիս»։

Հայ բեռնատարի վարորդը միևնույն ժամանակ ասում է՝ իսկապես Լարսով անցնող մեքենաների թիվը կտրուկ ավելացել է, բացի այդ, ռուսական անցակետում արդեն տևական ժամանակ վերանորոգման աշխատանքներ են․ 

«Այս ամենի ֆոնին նաև անօրինական բեռնափոխադրումներն են ավելացել, եթե մինչև հիմա դատարկ մեքենաները ռենտգեն սարքավորումներով չէին զննվում, ապա այսօր պարտադիր սկանավորում են անցնում, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը»։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից «Ռադիոլուրին» ասում են, որ տեղեկությունը, թե հայ բեռնատարներին արգելում են հատել սահմանը, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը․

«Բեռնատարների կուտակումներ իրականում առկա են։ Պատճառը երկու գործոնով է պայմանավորված. նախ՝ ավելացել է բեռնատարների մուտքը Վրաստան, և երկրորդ` եղանակային պայմաններն են անբարենպաստ։ Ճանապարհներին կանգնած են տարբեր երկրների պետհամարանիշներով բեռնատարներ, և հայկական բեռանատարների համար որևէ առանձին սահմանափակում չկա»։

Վերջին օրերին եղանակային վատ պայմանների պատճառով նորից փակ էր ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը, մինչ այդ ռուսական հատվածում տեխնիկական խնդիրների պատճառով բարդություններ էին առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ։ Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Քննարկել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող ընթացիկ հարցերը, կարևորել՝ Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն