ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայկական առաջին արբանյակի գործարկման հետ կապված գործընթացին:

«Խնդիրը երկու մասից է բաղկացած. մենք ունենք կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: Կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված սպասում ենք որոշ սարքավորումների ներմուծմանը. ընթացքի մեջ է գործընթացը. մոտ ժամանակներս սպասում ենք, որ վերջնական սարքավորումները կստանանք և կկարողանանք ընդունիչ կայանի և կառավարման կենտրոնի բացումն անել: Ես չեմ ցանկանա հիմա կոնկրետ օր նշել, բայց հուսով ենք, որ այս եռամսյակի ընթացքում կավարտվի: Մենք այս ժամանակն օգտագործում ենք մասնագետների վերապատրաստման համար, ինչն ակտիվ ընթանում է, բավականին հաջող, ես դրական եմ գնահատում»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է արբանյակից ստացվող ինֆորմացիային, նա նշեց, որ արբանյակից ստացվող նկարներին պետք է նայենք որպես ինֆորմացիայի աղբյուր, որոնք ռազմական բնագավառում ևս կարող են մեզ օգտակար լինել:

Ինչ վերաբերում է հայկական երկրորդ արբանյակի գործարկման աշխատանքներին, ապա, Ռոբերտ Խաչատյանի խոսքով, դրանք նախնական փուլում են: «Դեռ շուկայի ուսումնասիրություն ենք անում, գնահատում ենք մեր հնարավորությունները, գնահատում ենք առաջարկները: Չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում երկրորդը կունենանք, բայց աշխատանքներն արվում են»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն