Բացահայտվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել և առաջարկել են փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին:
Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն քաղաքացի Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ.Վ.-ից:
Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Կատարվում է նախաքննություն: