Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե այսօր ժամը 16:00-ի սահմաններում, հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի Քարվաճառի հատվածում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերի վրա։

Նշվում է, որ հայ դիպուկահարի կրակոցի արդյունքում ադրբեջանական բանակի զինծառայող Յագուբլու Ֆարման Թելման օղլուն մահացել է:

«Ներկայումս նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան գործողություններ են ձեռնարկում:

Այս սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանը»,-նշվել է հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ-ն այս մասին որևէ տեղեկություն չի հայտնել։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ այսօր ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն