Մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես՝ մարզի 12 հանրակրթական դպրոցներում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ, իսկ Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան և Ներքին Սասնաշենի Հ․ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցներում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվել է էլեկտրական շչակ:

Ուսումնավարժություններն ու դասախոսությունները նպատակ ունեն ծանոթացնել մասնակիցներին տարհանմանը և պատսպարմանը՝ որպես բնակչության պաշտպանության հիմնական ձևեր, տրամադրել տեղեկատվություն ազդարարման ազդանշանների վերաբերյալ, ինչպես նաև սովորեցնել ուժեղ երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները։

Նույն ժամանակահատվածում Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ անցկացվել է «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի հիմնական նպատակն էր ստուգել և կատարելագործել համայնքի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և համայնքի արձագանքող ուժերի ղեկավարների հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի գոտում որոնողափրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում։

Բնակչության ուսուցման գործընթացները կրում են շարունակական բնույթ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն