Հանցագործության դեպքերն աճել են, ավելացել են ինքնասպանությունները, խաղամոլությունը, թմրամոլությունը․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հուսահատ ու դժբախտ հասարակություն․․․
Այսօր, 2023 թվականի մայիսի 8-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի «գահակալության» հինգերորդ տարին։ Սկսվում է «Նիկոլի թվի» վեցերորդ տարին։ Ինչ տեղի ունեցավ այս հինգ տարիների ընթացքում՝ բոլորս տեսանք․ հազարավոր զոհեր, Արցախի տարածքի մեծ մասի օկուպացիա, ոսոխի ներկայություն Հայաստանի Հանրապետության տարածքում, ինքնիշխանության կորստի և նոր ավերիչ պատերազմի վերսկսման իրական վտանգ․․․
Չեմ ուզում վերլուծել անցած հինգ տարիների ընթացքում մեր ազգին պատուհասած բոլոր դժբախտությունները։ Թերևս դրա ժամանակն էլ կգա։ Այսօր կանդրադառնամ միայն նախորդ տարվա «պատկերին»։
Ի՞նչ էր խոստանում Փաշինյանը, երբ հինգ տարի առաջ ստանձնեց կառավարություն ղեկավարի պաշտոնը։ Նա խոստանում էր Հայաստանում ստեղծել «արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմաններ», խոստանում էր «Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացում», խոստանում էր «ազգային միասնություն և քաղաքացիական համերաշխություն», խոստանում էր «բռնությունից զերծ հասարակություն և բռնության հանրային մերժում»․․․ Ու էլի շատ բաներ էր խոստանում՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, կոռուպցիայից զերծ հանրություն, տնտեսության ներառական աճ․․․
Իսկ ի՞նչ ունեցանք 2022 թվականին։
1. Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք 225 զոհ, 2016-ի ապրիլյան պատերազմից երեք անգամ ավելի։ Տղերքը հերոսաբար կռվեցին, զոհվեցին։ Նրանց հետ ուս ուսի կռվեցին ու անմահացան կին զինվորականներ։
2. Սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում թշնամու զավթած տարածքի մասին վերջնական ու հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Խոսվում է շուրջ 150 քառակուսի կիլոմետրի մասին։ 16-ի ապրիլին տարածքային կորուստը 4 քառակուսի կիլոմետրի կարգի էր։ Թշնամին Հայաստանի վրա հարձակվել էր Արցախի՝ առանց մարտի զիջած տարածքից․․․
3. Իսկ Հայաստանի դեմ հարձակմանը նախորդել էր թշնամուն հարձակումը Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերի վրա։ Սակայն Արցախի անվտանգության համար Նիկոլ Փաշինյանն իրեն պատասխանատու չի համարում, ոչ էլ կարգավիճակի․ թող ադրբեջանցիների հետ բանակցեն, իրենց գլխի ճարը տեսնեն։
4. Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի ժողովրդագրական տվյալների, 2022 թվականին․
4.1. ավելի քիչ մարդ է ծնվել քան 2021-ին,
4.2. ավելի քիչ ամուսնություն է գրանցվել քան 2021-ին,
4.3. ավելի շատ ամուսնալուծություն է գրանցվել քան 2021-ին։
5. 2022-ին Հայաստանից անվերադարձ մեկնել է 27941 ՀՀ քաղաքացի։
6. 2021-ի համեմատ 2022-ին Հայաստանում․
6.1. հանցագործության դեպքերն աճել են 24,4%-ով,
6.2. ավելացել են ինքնասպանությունները (100.000 բնակչի հաշվարկով),
6.3. ավելացել է խաղամոլությունը,
6.4. աճել է թմրամոլությունը (թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 76,3%-ով, իսկ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 94,9%-ով),
6.5. նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը։
7. Համաձայն ՄԱԿ պարենի համաշխարհային կազմակերպության (WFP), 2022 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատները կազմում են բնակչության 9%-ը (ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021-ին ծայրահեղ աղքատները կազմել են բնակչության 1,5%-ը), իսկ աղքատները՝ բնակչության 31,5%-ը (ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021-ին աղքատները կազմել են բնակչության 26,5%-ը)։
Չեմ ուզում շատ թվերով ծանրաբեռնել, չեմ ուզում մանրամասն բացատրել, թե 12,64% «տնտեսական աճն» ինչպես առաջացավ և ինչպես նման աճի պայմաններում ունեցանք բարեկեցության նվազում (համաձայն Legatum բարեկեցության ինդեքսի)։ Ներկայացված թվերը ցույց են տալիս, որ երջանկություն, համերաշխություն ու արժանապատվություն խոստացած Նիկոլ Փաշինյանը մեր երկրին բերել է ավեր ու դժբախտություն։ Հպարտ ու երջանիկ հասարակության փոխարեն մենք ունենք հուսահատ ու դժբախտ հասարակություն, քանի որ երջանիկ, արժանապատիվ ու հպարտ հասարակություններում թմրամուլությունն ու խաղաղամոլությունը, ինքնասպանություններն ու ամուսանալուծությունները չեն աճում, ժողովուրդը չի արտագաղթում․․․