Հայաստանում հայատառ դոմեյնով կայքերի թիվն անցել է 1000-ը
Հայատառ դոմեյնով կայքերի թիվն աճել է. խոսքը «հայ դոմեյն»-ով կայքերի մասին է, որոնց թիվն անցել է 1000-ը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը՝ ընդգծելով, որ թիվը, այդուամենայնիվ, գոհացուցիչ չէ:
«Իրազեկման լուրջ խնդիր ունենք: Պոտենցիալ շահառուներին անհրաժեշտ է տեղ հասցնել կայքերը հայատառ դոմեյնով ունենալու կարևորությունը»,- ասաց Քրիստինա Հակոբյանը, ապա հավելեց, որ արդեն հասանելի է հայատառ էլեկտրոնային հասցե ունենալը:
«Ներկայում հնարավոր է «էլփոստ.հայ» փոստային հարթակում գրանցել հայատառ էլեկտրոնային հասցե, որից ուղարկված նամակները ճանաչելի են այլ էլեկտրոնային փոստային հարթակներում»,- ասաց նա:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ, տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը նշեց, որ կայքը հայատառ ունենալու համար բոլոր խնդիրները լուծված են:
«Ցանկացողները կարող են դիմել և ստանալ այդ հնարավորությունը: Կայքի հայատառ հասցեն հասանելի է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Բոլոր տեխնիկական հարցերը կարգավորված են, խափանումների խնդիր չկա»,- ասաց Արամ Վերդյանը՝ հավելելով, որ հայատառ դոմեյնի հետ կապված կա միայն մեկ տեխնիկական խնդիր. հայատառ «կետը» որոշ օպերացիոն համակարգերում չի ընդունվում: Խոսքը միայն Windows-ի ստանդարտ ստեղնաշարի մասին է, որում հայատառ գրելու դեպքում կետը միջակետ է հասկացվում: Պետք է լեզուն փոխել անգլերենի, դնել կետը, նորից վերադառնալ հայերեն: Մասնագետները վստահեցնում են՝ խնդիրը կարգավորման փուլում է: