«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախատեսվում է նաև սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Նույնքան տուգանքի չափ է սահմանվել սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների և սարքավորումների միջոցով իրականացնելու համար:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Կառավարությունը ներկայացրել էր 6 առաջարկություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են: Նա առաջարկել է առանց փոփոխությունների դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` լիագումար նիստում մերժել նախագծերը, որից հետո հիմնական զեկուցողի առաջարկով այն կանցնի առաջին ընթերցման փուլ, ինչն էլ հնարավորություն կտա մեկ ամսվա ժամկետում քննարկել և լուծել բոլոր խնդիրները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բաբկեն Թունյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել ապօրինի հանքարդյունահանմանը:

Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ապօրինի հանքարդյունահանման խնդիրներով: Նա պատգամավորներին առաջարկել է մասնակցել հանձնաժողովի նիստերին, ինչն ընդունվել է:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը հանձնաժողովականներին իրազեկել է Սոթքի հանքավայրում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա` Սոթքի բաց հանքավայրը մեկ ամսվա ընթացքում կավարտի նախատեսված աշխատանքները: Փակ հանքավայրում ընթանում են շահագործման նախապատրաստական աշխատանքներ: Նշվել է, որ Կառավարությունն իր հնարավորություններով և ունեցած խողովակներով ամեն ինչ անում է ծագած խնդիրները լուծելու համար:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 12-ի արտահերթ նիստում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն