Մարուքյանն արձագանքել է Վեդանտ Պատելի հայտարարությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի, այն հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն։
«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի կողմից հերթական չհրահրված հարձակումը, որը հայտնի է ԻՊ-ի ոճով մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը:
Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։
Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», -գրել է Մարուքյանը։