ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում փլված 12-հարկանի բնակելի շենքի փլատակների տակ որոնողափրկարարական  և վերականգնման աշխատանքները դադարեցվել են, հայտնում է BBC լրատվականը։

Հայտնի է, որ փլուզման հետևանքով զոհվել է 97 մարդ և մեկ հոգի շարունակում է անհայտ կորած մնալ։ Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ ոչ մի ողջ մարդ չի հայտնաբերվել։ Անհայտ կորած է մնում մի կին, որի մարմնի մնացորդները դեռևս պիտի հայտնաբերվեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հուլիսի 7-ին շենքի փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ջոկատները փրկարարական առաքելությունից անցել էին վերականգնման աշխատանքներին։ Որոնողափրկարարական աշխատանքներն ընթանում էին 12 ժամը մեկ հերթափոխով՝ Իսրայելից և Մեքսիկայից օգնության մեկնած անձնակազմերի աջակցությամբ։ Աշխատանքները մի քանի անգամ ընդհատվել են՝ այդ թվում նաև «Էլզա» արևադարձային փոթորկի պատճառով։

Աշխատանքների ավարտից հետո հրշեջ ծառայության պետ Ալան Քոմինսկին ասել է․ «Սա իսկապես դժվար էր վարչության համար։ Ես չեմ կարող չհպարտանալ տղամարդկանց և կանանց համար, որոնք ներկայացնում են Մայամի Դեյդ շրջանի հրշեջ փրկարար ծառայությունը»։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12 հարկանի շենք էր փլուզվել։ Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Առայժմ հայտնի է 12 զոհի և 149 անհայտ կորածի մասին։ Այս առնչության գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն։

Ավելի վաղ հրապարակված 2018 թվականի ինժեներական զեկույցի համաձայն՝ 12-հարկանի ծովափնյա Champlain Towers-ի նախնական նախագծում «լուրջ սխալ» է եղել, որը փոչընդոտել է ջրի արտահոսքին շենքի հիմքից։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն