Փոստային կապի ոլորտում փոփոխություններ կլինեն, կներդրվի հաշվետվությունների մեխանիզմ. նախագիծ
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել 19 հասկացություն, համապատասխանեցնել Համաշխարհային փոստային միության ակտերին և Եվրոպական միության փոստային կանոնակարգին, խմբագրել փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցնել դրա տեսակները, նոր խմբագրությամբ սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, դրա մատուցման որակի չափանիշները, վերահսկմանն առնչվող դրույթները, ինչպես նաև համապատասխան իրավական հիմքեր ու լիազոր նորմեր սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար: Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման, սակագնի վերանայման, վերահաստատման կամ փոփոխման, հայտի ուսումնասիրման և որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես, այսօրվա 90-օրյա ժամկետը փոխարինել 80-օրյա ժամկետով՝ հաշվի առնելով հանրային ծառայությունների կարգավորման՝ մյուս ոլորտներում նույն մոտեցումը սահմանելու անհրաժեշտությունը:
Նախագիծը լրացվել է նոր դրույթով, որով սահմանվել են Փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի բնագավառի գաղտնիության ապահովման, ինչպես նաև դրանց խախտման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կարգավորումները:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել փոստային կապի ոլորտն ու մատուցման մեխանիզմները, հաշվետվությունների մեխանիզմ ներդնել:
Դավիթ Սահակյանը հայտնել է, որ պատգամավորներն առաջարկել են նախագծում մի քանի խմբագրական ու տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարել, որոնք ընդունելի են եղել գերատեսչության կողմից:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում: