Նոր գլխավոր հատակագիծը թույլ կտա հիմնարար կերպով կանոնակարգել մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ:
Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը՝ նպատակ ունենալով մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակներ: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների առաջարկները հավաքագրվելու և տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման տեխնիկական առաջադրանքում ներառելու նպատակով:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտել է օր առաջ նոր գլխավոր հատակագիծ ունենալու կարևորությունը, ինչը թույլ կտա առավել հիմնարար կերպով կանոնակարգել մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները:
Քննարկված հաջորդ հարցը վերաբերել է ՀՀ ողջ տարածքում կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային աշխատանքները մրցութային կարգով իրականացնելու կարևորությանը: Ներկաների ուշադրությանն է ներկայացվել մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ կոմիտեի մշակած նախագիծը։
Մասնագետների կարծիքին է ներկայացվել նաև օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նոր մեթոդաբանությունը, որի փաթեթը նախապես քննարկվել է տարբեր գերատեսչությունների հետ: