30 տարվա դադարից հետո Շիրակի մարզում մեկնարկել է 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ Ծրագիրը կիրականացվի երկու փուլով. Նախ` երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։

Որքա՞ն կծախսվի ու որքա՞ն ջուր կամբարվի Հայաստանում. փորձ է արվում ջրամբարաշինությունը երկրում այս տրամաբանությամբ զարգացնել։ Շիրակի մարզում՝ Գյումրիից 22 կմ դեպի հյուսիս կառուցվող Կապսի ջրամբարն էլ բացառություն չէ։ Առաջին փուլով  նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խ/մ ծավալով ջրամբար՝ հետագայում ջրամբարի առավելագույն ծավալը հասցնելով 60 մլն խորանարդ մետրի: Կառույցի համար կծախսվի մոտ 95 մլն եվրո, նաև վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծում է՝ ֆինանսական խնդիրներ չեն կարող լինել․ «Մենք ունենք հուսալի գործընկեր ֆինասավորող։ Ունենք նաև կառավարության երաշխավորված ֆինանսավորումը։ Այնպես որ՝ ֆինանսական տեսանկյունից որևէ էական անսպասելի բան տեղի ունենալ չի կարող։ Ամենակարևորը նա է, որ ունենանք հուսալի գործընկեր մասնավորի հետ։ Բազմաթիվ դեպքերում շինարարության ընթացքի հաջողությունը կապված է գործող շինարարի արդյունավետությունից»։

Ջրամբարի գործարկումով Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների տակ գտնվող շուրջ 17 հազար հա հողատարածքները ոռոգման ջուր կունենան, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինելու ինքնահոս ոռոգման եղանակով։ Այսպես տարեկան մոտ 3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա կխնայվի։ Ջրամբարի կառուցմաբ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսով։

Այս մարզում էլ տարեկան կխնայվի 11 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը մանրամասնում է՝ ջրամբարը կկառուցվի 34-36 ամսվա ընթացքում․

«Կառուցվելիք պատվարն է սա, որի վրայով անցնելու է Գյումրի-Ամասիա ճանապարհը։ Կառուցվելու է վթարային ջրհեռ, որ սելավային մեծ հոսքերի դեպքում, եթե ջրի մակարդակը բարձրանա, ջուրը գնա, հեռանա։ Պատվար ունի, թասը, որտեղ լցվելու է ջուրը։ Այս ջրամբարը ունի շատ հետաքրքիր կառուցվածք։ Առկա է երկու թունել։ Մեկը 498 մետր, մյուսը 529 մետր երկարությամբ։ Մեկը ծառայելու է հատակային ջրթող, ոռոգման թունելը երկրորդ մասից մտնելու է ջուրն ու դուրս է գալու»։

Ծրագրի հողերի ձեռք բերման և վերաբնակեցման պլանով Կապսի ջրամբարի մանրամասն նախագծման փուլում իրականացված հետազությունների արդյունքներով Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունությունը գնահատվել է ռիսկային։ Հետագա հնարավոր սողանքավտանգ փլուզումներից խոսափելու համար որոշվել է Ջրաձորն ամբողջությամբ վերաբնակեցնել։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել ֆինանսավորելու վերաբնակեցման ծախսերը:

Ջրաձորի նախագծային աշխատանքները սկսվել են 2022 թվականի հունվարից։ Նախատեսվում է 2023 թվականի երրորդ եռամսյակում ավարտել նոր բնակավայրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և նոր բնակավայրի կառուցման մրցույթ հայտարարել: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը: Ընդհանրապես, Հայաստանում ներկայում ակտիվ ջարմբարաշինական ծրագրեր են իրականացվում։ Դրանցից ամենաակտիվն այս պահին Վեդու ջրամբարինն է։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է՝ ենթադրվում է, որ այս տարի վերջապես աշխատանքները կավարտվեն․ 

«Բայց դա դեռ չի նշանակում, որ այս տարի ջրամբարը կլցվի։ Լցվելու համար տարիներ են պետք։ Բայց փաստացի պատրաստ կլինի։ Պատվարից բացի կա նաև համակարգ, որը պետք է ապահովի ջրի տեղափոխումը դեպի դաշտեր»։

Կառավարությունը ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար նախատեսում է 2021-2026 թթ 15 ջրամբար կառուցել։ Ակտիվ աշխատանքները սկսել են 2022-ից։ Բայց պարզվում է՝ այստեղ էլ մի շարք խնդիրներ են առաջացել։ 15-ից 4-ի դեպքում դեռ կմտածեն՝ կոնկերտ վայրերում կառուցել, թե ոչ։ Հինգի նախագծման աշխատանքները սկսված են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն