ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։

Բուժքույրը կազմել է պաշտոնեական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, և այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ,  նյութապես շահագրգռելու եղանակով, նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը և պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաև տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ:

Արդյունքում, որոշ դեպքերում որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը, ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը՝ ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների  չպատվաստելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում և անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Արդյունքում, այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը և բուժքույր-վակցինատորին՝ առևտրային կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու, ընկերության ևս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առևտրային կաշառք ստանալուն և փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն