Եվրոպայի չեմպիոն պատրաստած մարզիչը, որը չի հաղթահարել ատեստավորումը, լա՞վ մարզիչ է, թե՞ ոչ։ Այս հարցը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է բարձրացնում՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնաբանելիս։ Այս ատեստավորմանը սպորտի գծով 76 մանկավարժ է մասնակցել։ Հաղթահարել է նրանցից միայն 8-ը։

«Ընդ որում՝ կարծեմ հունահռոմեական ըմբշամարտից գրեթե ոչ մեկ չի անցել, և սա այն դեպքում, երբ Հայաստանն աշխարհում լավագույնն է այս մարզաձևից։ Եթե մարդը տվել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու ատեստացիան չի հաղթահարել, հիմա ո՞վ է ինքը՝ լա՞վ մարզիչ է, թե՞ վատ մարզիչ է։ Բայց գուցե մեր գործի՞քն է սխալ չափելու, գուցե մենք սխալ բան ենք չափում»։

Կամավոր ատեստավորմանը կարող էին մասնակցել հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները, սոլֆեջիոյի, դաշնամուրի, երաժշտական գրականության ուսուցիչները: Արվեստի մասով 100 ուսուցչից միայն 27-ն է հավաքել ատեստավորումը հաղթահարելու և հավելավճար ստանալու համար անհրաժեշտ միավոր․

«Չեմ կարծում, որ այն, ինչ մենք ստուգում ենք կամավոր ատեստացիայի ժամանակ, այդքան պետք է բացարձակացվի։ Եվ ուսուցչի, և մարզիչի, և խմբակավարի աշխատանքները բազմակողմանի են, ինչի ենք մենք էդ բազմակողմանիությունը հանգեցնում մի հատ թեստի։ Ինչո՞ւ ենք մի պարամետրով չափում»։

Կրթության փորձագետի խոսքով՝ թեստերը հիմնականում հիշողությունը ստուգելու «առաքելություն» անեն։ Կարևորվում է, ասենք, սիմֆոնիայի կամ սպորտային հնարքի հայերեն անվանումը հիշելը։ Բաց հարթակներում թեստի նմուշ չի հրապարակվել։ Փորձեցինք Գնահատման և թետսավորման կենտրոնից ճշտել՝ ինչ գիտելիքի պետք է տիրապետի մասնագետը ատեստավորումը հաղթահարելու համար։ ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյան

«Սպեցիֆիկայից ելնելով՝ երաժշտության դասատուների և մարզիչների թեստերը պատվիրվել են մասնագիտական կառույցներին։ Այս դեպքում դրանք Կոմիտասի անվան Երևանի պետական Կոնսերվատորիան  և Հայաստանի ֆիզիակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն են ։ Թեստերը իրենք են կազմել,  և թեստերով քննություն են հանձնել մարզիչները ու երաժիշտները։ Հետևաբար՝ մասնագիտական  հմտությունների ներկայացվող պահանջների մասին իրենք կարող են մեկնաբանություն տալ, նույնիկս բողոքարկման հանձնաժողովներն  են կազմվել այդ հաստատություններում»։

Ի՞նչ պատվեր է տրվել մասնագիտական կառույցներին, ի՞նչ շեշտադրումներ են պարտադիր եղել թեստերը կազմելիս, ԳԹԿ-ից չհայտնեցին։ Մանսագիտական կառույցների ներկայացուցիչների հետ խոսել ևս չհաջողվեց։ Խաչանուշ Գրիգորյան․

«Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները, բնականաբար, տեխնիկական աջակցություն են ցուցաբերել, ոչ բովանդակային․ թեստի կառուցման սկզբունք, ինչ–որ տեխնիկական հարցեր։ Որովհետև ինչքան էլ մասնագետ լինի, թեստը ունի առանձնահատկություն և թետսաբանի խորհրադատվությունը անհրաժեշտ էր։ Այդքանը։

Նախորդիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Ադրեասյանը հայտնել էր, որ 70-79 տոկոս արդյունք գրանցելու դեպքում մասնագետը առանց հարկերի 60 հազար դրամ լրավճար կստանա։ 80-89 տոկոս արդյունքի դեպքում մաքուր լրավճարը կկազմի 80, իսկ 90-100 տոկոս արդյունքի դեպքում՝ 100 հազար դրամ: Կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանի խոսքով՝ որքան էլ գրավիչ է բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունը, ատեստավորումների «ինտիտուտը» ավելորդ շտապողականությամբ է զարգանում․

«Ցուցաբերվեց իմպուլսիվություն և ավելորդ շտապողականություն, որովհետև մենք դեռ դպոցական ուսուցիչների շրջանում անցկացրած ատեստացիան առանց հաջողելու անմիջապես այն տարածեցինք մյուս ոլորտներում՝ արտադպրոցական ոլորտ, առողջոապահություն, ոստիկանություն, բանակ և այլն։ Եթե դու մի բան ասնում ես, գոնե մի քանի տարի պետք է սպասես, տեսնես՝ ինչ էֆեկտ է տալիս, հետո նոր տարածես։ Ոնց որ մենք հիվանդների մի խմբի վրա մի բան փորձարկում ենք, դեռ արդյունքները չտեսած՝ բոլորի վրա տարածում ենք»։

Նախարարությունից հայտնել են, որ առաջին փորձով պայմանավորված՝ մեծ արդյունք չէին էլ ակնկալում, սակայն հույս ունեն, որ հաջորդ տարի, երբ այլ ոլորտների ներկայացուցիչներ ևս ատեստավորվելու հնարավորություն կունենան, արդյունքներն էլ ավելի գոհացնող կլինեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն