Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով
Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։
Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։
Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։
Դրան զուգահեռ պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովում են նաև մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով։ Հատկապես երթևեկության ծանրաբեռնվածության պայմաններում մոտոցիկլետների կիրառումը, շնորհիվ փոքր չափերի և հարմարավետության, լուծում է իրավիճակային խնդիրներ։