Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա համերգը: «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունները և կհայտարարվեն հաղթող կոմպոզիտորների անունները: Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների առաջին միջազգային մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, դասական գրականության արժևորումն աշխարհի ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Կոմպոզիտոր Վարդան  Հարությունյանը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ –փառատոնի մասին տեղեկացել է պատահաբար։ Որոշել է վերհիշել ակադեմիական  երաժշտությունը, որի էջը փակել էր Կոնսերվատորիան ավարտելուց հետո։ Այսօր հաղթող վեց կոմպոզիտորներից մեկն է։ Իր ստեղծագործությունը գրել է Գեղամ Սարյանի ու Համո Սահյանի խոսքերի հիման վրա։

«Շատ հաճելի է այս մրցույթին մասնակցելը, հետաքրքիր իրադարձություն է, մարտահրավեր»,- ասաց  Հարությունյանը։

Վեց ամիս առաջ  «Կողբ» հիմնադրամը նախաձեռնեց մանսուրյանական  կոմպոզիտորական միջազգային մրցույթ։ Նպատակն էր բացահայտել  տաղանդավոր երաժիշտներին՝ հայ գրի  ու երաժշտության միջոցով։ Ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրված լինեին վերջին մեկ տարվա ընթացքում՝ արտահայտելով  դասական պոեզիայի ու երաժշտության կապը։ Աշխարհի 13 երկրից 24 կոմպոզիտոր գտավ այդ կապը։ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյան․ «Վեց ամսում  24 ստեղծագործություն է գրվել հայ դասական հեղինակների տեքստերի հիման վրա։ Դժվար եմ պատկերացնում, որ մենք վերջին տարիներին ունենայինք ստեղծագործական նմանատիպ ակտիվություն»,- ասում է նա։



Արման Բարսեղյանը շեշտում է, որ այս մրցույթի անցկացումը մեկ նպատակ ունի՝  միավորել ստեղծագործողներին աշխարհի բոլոր ծայրերից։ Իսկ նման մրցույթ  հայտարարելու միտքը ծնվել է  Տիգրան Մանսուրյանի հետ զրույցներից մեկի ընթացքում։

«Մաեստրոյի անունն այս առումով շատ օգտակար էր, հաշվի առնելով միջազգային ճանաչումը։ Եվ մենք, ըստ էության, փորձեցինք  դրսի կոմպոզիտորներին ներգրավել, որպեսզի հայ հեղինակների հետ աշխատեն ու ստեղծագործություններ գրեն։ Հիմա արդեն, երբ ունենք արդյունքները, կարող ենք վստահաբար ասել, որ մրցույթը հաջողված  է։

Հեղինակների աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ-ից, Իսրայելից մինչև Բելառուս ու Թուրքմենստան։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սակայն,  ծանոթ չէ ստեղծագործություններին, առաջին անգամ վաղը կլսի ու հույս ունի, հետո էլի լսել։



«Հայ երաժշտական տարածքն առհասարակ այնքան բազմազան է, երբեմն նույնիսկ այնքան իրարամերժ և՛ աշխարհագրորեն, և՛ մշակութային սկզբունքների տեսակետից։ Իմ ուսումը ստացել եմ խորհրդային տարիներին: Այդ ժամանակ կարող էիր լավ ջութակահար լինել և քո լավագույն կոչումը լիներ ձեռքբերումը միջազգային մրցույթում, սակայն կոմպոզիցիայի պարագայում այդպես չէր, որովհետև կոմպոզիցիան գաղափարախոսական բնագավառ է, ուրեմն՝ դու արտասահմանյան որևէ մտածողության, համակարգի, գեղագիտության հետ որևէ առնչություն չէիր կարող ունենալ, ուր մնաց սովորել, իսկ այսօր երիտասարդությունը սովորում է և ունի կողմնորոշվելու հնարավորություն, ուստի երաժշտական իրականությունում մի միավոր ևս գոյացել է»,-շեշտում է մաեստրոն:

Մանսուրյանի ցանկությունն է՝ լսել պրոֆեսիոնալ երաժշտություն՝ ժամանակակից մտածողության ու ավանդական հիմքերի վրա կառուցված։ «Ճիշտ է, իմ անվան է մրցույթը, բայց երբևէ չեմ փորձել մտնել մանրամասների մեջ։ Կխնդրեմ՝ մրցույթի մասնակիցները դա նկատի ունենան։ Պետք է ասեմ, որ ավելի շատ  հետաքրքրությունս է երիտասարդների հանդեպ, քան իմ ակնկալիքը մրցույթից»,- ասաց նա։

Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ մրցույթը շարունակական է լինելու։  Իսկ  մրցույթի եզրափակիչ փուլ են անցել Արսեն Բաբաջանյանը (Հայաստան / Գերմանիա), Իվան Բուշուևը (Ռուսաստան), Ալինա Պոդզորովան (Ռուսաստան), Դավիթ Բալասանյանը (Հայաստան), Աննա Հակոբջանյանը (Հայաստան), Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ Վաղն արդեն կընտրվի երեք ստեղծագործություն՝ համապատասխանաբար արժանանալով առաջին (մրցանակ՝ 3000 դոլար), երկրորդ (մրցանակ՝ 2000 դոլար), երրորդ (մրցանակ՝ 1000 դոլար) մրցանակներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն