2023-ի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ. Նիկոլ Փաշինյան
2022-ի դեկտեմբերին, ինչպես արդեն հայտնի է, գրանցվել էր աշխատատեղերի՝ Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար գրանցված աշխատատեղ, այս թիվն այլևս ակտուալ չէ: Այդ մասին «ՀՀ 2022-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2023 թվականի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ, համապատասխանաբար, 706.294 և 710.150»,- ասաց ՀՀ վարչապետը և մանրամասնեց, որ այս թվերը կարևոր են նաև այն առումով, որ սովորաբար աշխատատեղերի պիկերը գրանցվում են ամեն տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին, իսկ հունվարից մինչև սեպտեմբեր որոշակի անկում է գրանցվում:
«Սա նոր միտում է մեր տնտեսության մեջ, որ մենք մարտին և ապրիլին ունենում ենք նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ աշխատատեղերի աճ, ինչը նախկինում երբեք չի արձանագրվել, արձանագրվել է թերևս միայն 2022 թվականին:
Այսպիսով, պիտի արձանագրենք, որ 2018-ի մայիսից ի վեր, ամենավերջին տվյալներով, ՀՀ-ում ստեղծվել է 162.161 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի ցուցանիշը գերազանցում է 29,6 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ 2022-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15,5 տոկոսով, ապա ընդգծեց, որ սա շատ կարևոր ցուցանիշ է գնաճի պայմաններում, որովհետև քովիդից հետո ամենամեծ մտավախություններից մեկը գնաճն էր, թե ինչքանով դա սոցիալական նեգատիվ ազդեցություն կունենա:
«Բայց մենք տեսնում ենք, որ աշխատող մարդու համար մեր քաղաքականություններով կարողացել ենք գնաճը ոչ միայն կոմպենսացնել, այլև աշխատավարձի աճ ապահովել»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվության՝ իրական աշխատավարձն աճել է 6,3 տոկոսով. «Սա նշանակում է, որ եթե գնաճի ազդեցությունը զրոյացնենք, դնենք մի կողմ և տեսնենք՝ ինչ է աշխատավարձի հետ տեղի ունեցել, հենց դա աշխատավարձի իրական աճն է»: