1000 խոշոր հարկ վճարողները 2018-ի 1-ին եռամսյակի համեմատ 2023-ի 1-ին եռամսյակի կրկնապատիկից ավելի հարկ են վճարել
Խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը էականորեն փոխվել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:
«2023-ի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսվարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլև խոշորներին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն են վճարել: