Հուլիսի 23-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության շենքի մոտ տեղի ունեցավ հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն։

Ոստիկանությունից  հայտնում են, որ ներկա էին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ՊՆ, ՔԿ, ՌԴ ՊՆ ներկայացուցիչներ։

Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հուշարձանի օծման արարողությունն իրականացվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցեցին բազմաթիվ ոստիկաններ։ Իսկ ոստիկանության տարածքային բաժինների և ոստիկանության զորքերի յոթ տասնյակ ծառայողներ իրենց անունը փառքով գրեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիների շարքերում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն