Միջանցքի հարց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպմանը չի քննարկվելո՝  հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա այս շաբաթ մեկնելու է Մոսկվա։ Ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի եռակողմ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ շաբաթ Մոսկվայում՝ երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ։ 

Իսկ երկրների ղեկավարները այս շաբաթ հանդիպելու են Քիշնևում։ Հնգակողմ հանդիպմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և Եվրոպական խորհրդի նախագահը։

Որքանո՞վ Իլհամ Ալիևի՝ սպառնալից հայտարարությունները կարող են խանգարել Հայաստան–Ադրբեջան բանակցություններին․ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսափում է գնահատականներից՝ դրանք  թողնելով պետական կառույցներին։ Նշում է, որ առայժմ ոչինչ չի փոխվել․ օրը դեռ հստակ չէ, բայց հայկական կողմը պատրաստվում է այս շաբաթ մեկնել Մոսկվա, ինչպես պայմանավորվել են երկրների ղեկավարները։



Փոխվարչապետ Գրիգորյանի խոսքով՝ Մոսկվայում սպասվող եռակողմ հանդիպմանը քննարկվելու են միայն ապաշրջափակման հնարավորությունները, միջանցքի հարց չի արծարծվելու։

-Ես հուսով եմ, որ նման քննարկում չի լինի, որովհետև մենք անվերջ հայտարարել ենք, որ դա «կամիր գիծ» է։ Չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվեր եռակողմ հանդիպում և նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն դա անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել։ Միջանցքների մասին եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ՝ ոչ, չենք քննարկելու նման հարց։ » 

-Իսկ Ադրբեջանը շարունակո՞ւմ է պնդել դա։

-Դա դուք ինքներդ գնահատեք, այդ թվում վերջին խոսակցությունները և հայտարարությունները դրա շուրջ։

Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից ի վեր անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը պատրաստ է  քննարկել ապաշրջափակման հարցերը՝ կարևորագույն երկու մոտեցումների շրջանակում:

«Առաջինն այն է, որ ենթակառուցվածքները, որոնց մասին մենք խոսում ենք, պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, և երկրորդ՝  դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի Հայաստանի Հանրապետության իրավազորությունը»:

Փոխվարչապետը հաստատում է՝ բանակցությունների ընթացքում շրջանառվել է գաղափար, որ ապաշրջափակումից հետո մաքսային հսկողությունը հանձնվի միջազգային որևէ կազմակերպության։ Բայց այս պահին, ըստ Գրիգորյանի, այդպիսի հարց օրակարգում չկա:

Հայկական կողմը Մոսկվա կմեկնի հստակ նպատակներով և մոտավոր հաշվարկներով։ Փորձելու են լուծել երկաթգծի վերագործարկման հարցերը։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար, նախնական հաշվարկներով, կպահանջվի շուրջ 2-3 տարի։

«Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն և կավելացնեն, այդ տարբերակը այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք բտարածաշրջանի քարտեզին և  տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, կզգաք, որ առանձին հատվածների վերականգնմամբ մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում տարածաշրջանային մակարդակով։ Դա է հիմնական պատճառը, որ ամենասկզբից ավելի շատ կենտրոնացած ենք եղել այդ տարբերակի վրա։ Ոնց կընթանան բանակցությունները և ինչ ժամկետներում կհաջողվի կոնսենսուս ունենալ, որպեսզի վերջնական ամրագրենք, որ խոսքը վերաբերում ենթակառուցվածքներին, որոնք լինելու են Հայաստանի իրավազորության ներքո և լինելու են ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքներում, այդ պահից սկսած, ես կարծում եմ, մնացյալ բոլոր քննարկումները տեխնիկական բնույթի են»։

Փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովը վերջին անգամ հանդիպել է Բրյուսելում նախորդ տարի։

Այս շաբաթ մեկ այլ կարևոր հանդիպում էլ սպասվում է Քիշնևում հունիսի 1-ին։ Բարձր մակարդակով հնգակողմ հանդիպումից առաջ Մոլդովայի մայրաքաղաքում քննարկվելիք օրակարգը նախանշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Թվիթերում նրա գրառման համաձայն՝ կարևոր է համարում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը վերահաստատելը՝ սահմանազատման ուղղությամբ առաջխաղացման, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար։ Կարևորել է նաև Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։

«Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակադրվել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- գրել է Միշելը։

Ում են ուղղված Միշելի մաքսիմալիստական ձգտումների մասին ակնարկը, հայտնի չէ, բայց փաստ է, որ մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել էր Արցախին էթնիկ զտմամբ ու նոր ռազմական գործողությամբ։

Իսկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ նշվում է, որ կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն