2022 թվականին ինքնավար էներգաարտադրողների թիվն ավելացել է 3342-ով․ Գարեգին Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կատարողականը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի 2022 թվականի բյուջեն կազմել է 995 մլն դրամ, փաստացի ծախսվել է 991 մլն դրամ, ինչը կազմում է 91,4 տոկոս:
Զեկուցողը նշել է, որ հիմնական խնայողությունը պայմանավորված է էներգետիկայի բնագավառում նախորդ տարվա ընթացքում կատարած ներդրումների տեխնիկական աուդիտի իրականացման միջոցառման գծով մրցույթի արդյունքում առաջացած տնտեսված գումարից, որը կազմում է 85 մլն դրամ:
Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները կազմել են հանձնաժողովի հաստատված բյուջեի 77 տոկոսը, իսկ 23տոկոսը կազմել են բնականոն ապահովման անհրաժեշտ այլ ծախսերը:
Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին հանձնաժողովն ապահովել է 8 մլրդ 356 մլն դրամի չափով պետական տուրքերի հարկային եւ այլ եկամուտների մուտքեր պետական բյուջե, որից 995 մլն դրամը կարգավորման վճարներն են:
Անդրադառնալով արդյունքային ցուցանիշներին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասով կան թիրախային ցուցանիշներ՝ պայմանավորված 2016 թվականից ներդրված խթանիչ սակագնային քաղաքականությամբ: 2022 թվականին հանձնաժողովի կողմից տրամադրվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 9, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի 10 լիցենզիա:
Նախորդ տարի լրամշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առեւտրային կանոնները: Արդյունքում ինքնավար էներգիա արտադրողները հնարավորություն են ստացել ձեւավորել ինքնավար խմբեր եւ արտադրված էլեկտրաէներգիան սպառել իրենց տարբեր միացման կետերում:
Գարեգին Բաղրամյանը նաեւ տեղեկացրել է, որ 2022 թվականին ինքնավար էներգաարտադրողների թիվն ավելացել է 3342-ով: