Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում
Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։
ՌԴ ԱԳՆ նշում է, որ ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ներառյալ՝ ընթացիկ օրակարգի առավել արդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշնակցային ոգով։
Կատարվել է մի շարք տարածաշրջանային ու միջազգային թեմաների հանգամանալից քննարկում: Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում տեղի ունեցած՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփումների լույսի ներքո ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: