Պարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակ. Ամալյա Հովսեփյան
Պարեկները քաղաքացուն չէին ծեծել, լուսադեմին միջոցառում էին իրականացրել, որի ժամանակ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող վարորդը գողացել էր ավտոմեքենան եւ շատ մեծ արագությամբ վարել էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության համակարգող, խորհրդական Ամալյա Հովսեփյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի պարեկները ինչ-որ քաղաքացու էին ծեծել:
«Պարեկային ծառայությունը կարողացել էր ճիշտ վնասազերծել, այնուհետեւ ձերբակալություն իրականացնել: Հանցագործին վնասազերծելու համար պարեկային ծառայողը կարող է կիրառել տարբեր գործիքակազմ. Ընդհուպ մինչեւ մեքենան հարվածով կանգնեցնել՝ օգտագործելով իր ձեռքի տակ եղած միջոցները, որն ինքը ունի: Դա կարող է լինել մարտավարական հմտնություններ, նաեւ ձեռնաշղթա, մահակ, օդապղպեղամղիչ սարք, ընդհուպ մինչեւ ատրճանակ, եթե դրա կարիքը կա»,-ասաց նա: