Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ. Տիգրան Ավինյանը հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների որակին և տեխհսկողությանը
«Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վերջին խմբաքանակի տեխնիկական բնութագրի անհամապատասխանության խնդիրներն ընկերության կողմից չլուծելու պարագայում քաղաքապետարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Եթե տեխնիկական առաջադրանքին ոչ համապատասխան որևէ ծառայություն կամ ապրանք մատակարարվի Երևանի քաղաքապետարանին, ամենակոշտ ձևով քաղաքապետարանն իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է: Սա այսուհետ քաղաքապետարանի գործելաոճն է լինելու բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ»,- շեշտել է Տիգրան Ավինյանը:
***
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների 1321 աշխատակից ներառվել է առողջապահական ապահովագրության փաթեթում: Նրանց ընտանիքի անդամները նույնպես կարող են ապահովագրվել նույն գումարի սահմանաչափով:
***
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ բնակիչների հետ անցկացվել է հանդիպում: Հաշվի առնելով որոշ բնակիչների բացասական դիրքորոշումը խնդրի լուծման մասին՝ հանձնարարվել է պատրաստել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ:
«Ամբողջ շենքի բնակիչները մեկ-երկու հոգու ոչ խելամիտ պահանջների պատճառով չպետք է պատանդ մնան այդ խարխլված տներում, որոնց 1 քմ-ի համար, ի դեպ, մենք առաջարկել ենք 402 հազար ՀՀ դրամ՝ մի քանի անգամ ավելի մեծ բնակտարածքով»,-նշել է փոխքաղաքապետը:
***
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության զանգերի արդյունավետության և քաղաքապետարան մուտքագրված դիմումների ու գրությունների կատարման առնչությամբ զեկուցվել է, որ արդեն իսկ համալրվել են արագ արձագանքման խմբերը: Նախորդ շաբաթ 6730 զանգից սպասարկվել են 825-ը:
«Աշխատանքի որակն առաջին հերթին գնահատվելու է պատասխանված զանգերի սպասարկման տոկոսով, ինչն այսօր շատ փոքր է, և պատասխանների որակով: Քաղաքապետարանն այլևս չի գործելու նախկին ձևով, մեր գործելաոճը պետք է 180 աստիճանով փոխվի: Համաշխարհային բանկի հետ մենք իրականացնելու ենք նոր ծրագիր, որով մշակվելու է հավելված, որն առաջին հերթին ունենալու է քաղաքացիների ներգրավման հնարավորություն՝ իրենց բողոքներն ու դիտարկումները ներկայացնելու և, հետևաբար, արագորեն արձագանքելու համար»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: