Ե՞րբ կսկսվեն ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման աշխատանքները
2024թ-ի ավարտին կամ 2025-ի սկզբին արդեն, ըստ նախնական պայմանանավորվածության, Հայաստանում պետք է սկսվեն ատոմակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Նախնական հաշվարկ, թե ի՞նչ կարժենա նոր բլոկը, կա՝ 3-5 մլրդ դոլար։ Հայաստանի համար ատոմային էներգետիկա ունենալը հրամայական է՝ կարծում են փրոձագիտական դաշտում։ Բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում կրկին ակտիվացել են խոսակցությունները փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու շուրջ։ Երևանից առաջիկայում պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ՝ տեղում ծանոթանալու փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիային։ Երևանում, սակայն, այսօր հավաքվել էին «Ռոսատոմի» ու ատոմային էներգետիկայի մասնագետները։
Հայաստանի համար հրամայական է ատոմային էներգետիկա ունենալը, ուստի մինչև 2036 թվականը նախատեսվում է 1000-1200 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել։ ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը ընդգծում է՝ Հայաստանի համար կարևոր են էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ ՀԱԷԿ-ի գործող բլոկը դեռ կաշխատի։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մեխանիզմը հետևյալն է՝ տարիներ անց պետք է նորից ստուգվի ռեակտորի իրանի մետաղի վիճակն ու անհրաժեշտության դեպքում որոշակի միջոցառւմներ իրականացվեն։ Ատոմակայանի գործող բլոկը 2021-ին նման մի փուլ անցավ, թրծվեց ռեակտորի իրանը, ինչը թույլ տվեց կայանի կյանքը երկարացնել մինչև 2026թ․
«Մոտավորապես նույն պրոցեդուրայից հետո հնարավոր կլինի ևս 10 տարի երկարաձգել , դա կլինի արդեն 2036-2038թ»։
Մեծամորի ատոմակայանը վերահսկվում է էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ-ի կողմից։ Կառույցի մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան, ստուգում ատոմակայանի վիճակը։
ՀԱԷԿ-ի գործունեության ամենաերկար դադարը 2021 թվականին էր՝ մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ Այդ ընթացքում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը, ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․
«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշներով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։
Օրակարգում նոր ատոմակայանի կառուցման հարցն է։ Անցյալ տարի ամռանը ՀՀ-ն ու ՌԴ-ը միջպետական համաձայնագրեր են կնքել։ Նախնական պայմանավորվածությամբ, 1200-1400 մեգավատ հզորությամբ ՎՎՌ տիպի բլոկի կառոցումն է օրակարգում։Երբ երկրորդ բլոկը շահագործումից հանվի, կունենանք 3-րդ բլոկը, որը կապահովի էլեկտրաէներգիայի արտադրության շարունակականությունը։ Նոր բլոկը հնարավոր կլինի կառուցել 10-12 տարում ՝ արձանագրում է Արա Մարջանյանը․
«Համաձայնագրերի ստորագրումից հետո նախատեսվում է, ո ր այս մեկ տարվա ընթացքում պետք է ձևավորվի ճանապարհային քարտեզ, պետք վերջնական ընտրությւոն կայացվի ռեակտորի տիպի ու այլ տեխնիկան պարամետրերի հետ կապված։ Մեկ տարի հետո՝ 2024-ի ավարտին կամ 2025-ի սկսզբին կսկսվեն արդեն բլոկի կառուցման աշխատանքները»։
Նոր ատոմակայանի կառուցման նախնական արժեքը 3-5 մլրդ դոլար է։ Հայաստանն այն երկրներից է, որն ունի ատոմակայանների հետ արդյունավետ աշխատելու փորձ՝ ընդգծում է «Ռոսատոմի» տնօրենի առաջի տեղակալ Իլյա Վերգազաևը։ Նա ընդգծում է՝ էներգետիկ ենթակառուցվածքները Հայաստանը պետք է զարգացնի։ Չնայած այլընտրանքային էներգետիկայի մասին տարբեր հայտարարություններին, բոլոր երկրների համար էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հիմքում առաջնայինը ատոմայինն է։ «Ռոսատոմի» ներկայացուցչի պնդմամբ, այն նույնպես կարող է շրջակա միջավայրի համար անվտանգ լինել․
««Ռոսատոմը» Հայասաում լավ ներկայացված է, մենք այստեղ մեր գործընկերներին աջակցում ենք երկրորդ էներգաբլոկի վերազինման հարցում, նաև առաջարկում ենք լավագույն լուծումը՝ կառուցել ՎՎՌ տիպի բլոկ»։
Բելառուսում նույն տիպի ռեակտոր են կառուցում։ Նմանատիպ բլոկ կառուցում են նաև ՌԴ-ում։ Հայկական կողմում, սակայն, քննարկումներ կան նաև փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ ունենալու շուրջ։
«Մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը»,-Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյա Մարիա Լոնգիի՝ Կոնգրեսում մոտ երկու շաբաթ առաջ արված այս հայտարարությունից հետո Հայաստանում դրա մասին սկսեցին խոսել բարձրաձայն․ այո, կան բանակցություններ ամերիկյան կողմի հետ՝ անցյալ շաբաթ խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Նա նշեց, որ շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում են նոր ատոմակայան կառուցելու հարցով։ Այդ բանակցությունները ընթանում են և Ռուսաստանի Դաշնության, և Միացյալ Նահանգների հետ։ Այդպիսի բանակցություններ վարվում են նաև երրորդ երկրների հետ։ Երևանից առաջիկայում պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ՝ տեղում ուսումնասիրելու փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան։