«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կիրակի եղել է Իջևանում՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարությանը:

«Ժողովրդի վարչապետը», ընտրություններում 53 տոկոս ստացած քաղաքական ուժի ղեկավարը հայրենի եզերք է մեկնել բազմաթիվ ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ: Բայց սա արդեն նորություն չէ, թեպետ գնալով շատանում են նրան ուղեկցողները: Ոչ պակաս կարևոր հանգամանք է, որ Փաշինյանին ուղեկցող շարասյունը գնալով վտանգավոր է դառնում հանրության կյանքի ու առողջության համար:

Մասնավորաբար, «Փաստի» լրագրողը կիրակի օրն ականատես է եղել, թե սարսափելի մեծ արագությամբ ընթացող շարասյան առջևից գնացող ոստիկանական մեքենաները «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում ինչպես են սարսափի մատնել դիմացից եկող քաղաքացիներին:

Նրանք զիգզագաձև երթևեկությամբ, հանդիպակաց գոտի դուրս գալով՝ երկու ուղղություններով ընթացող մեքենաներին «քշում» էին դեպի կողնակ՝ բավականին լայն ճանապարհն ամբողջությամբ «մաքրելով» Փաշինյանի համար:

Մեր լրագրողի փոխանցմամբ, մեքենաներից մեկի վարորդը տևական ժամանակ կանգնեցրել էր մեքենան և ուշքի չէր գալիս. իսկ մեքենայում անչափահաս երեխաներ էին: Մեզ փոխանցեցին, որ նույն կերպ մարդկանց «կիսամեռ» են անում ողջ ճանապարհին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել էր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. ողբերգական վթարից հրաշքով էր հնարավոր եղել խուսափել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն