Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ քննարկել է կրթության ոլորտում համագործակցության հարցեր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
ԿԳՄՍ նախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև առկա են հարաբերությունների զարգացման օրակարգ ու մեծ ներուժ, և պետք է ստեղծել փոխգործակցության դաշտ՝ իրականացնելով հստակ գործողություններ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև միջբուհական երկխոսության զարգացումը: Նա անդրադարձել է «Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա» և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք այլ ծրագրերի շրջանակում համագործակցությանը, որը ներառում է համատեղ կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:
Նախարարը նշել է, որ գիտության ոլորտում նույնպես համագործակցության զարգացման ներուժ կա՝ մասնավորապես շեշտելով՝ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ձեռնարկել է քայլեր և կապեր հաստատել Լատվիայի գիտության խորհրդի հետ՝ բարեփոխումների, գիտական նախագծերի փորձաքննության և մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջարկությամբ:
Անդրադառնալով երիտասարդության և մշակութային ոլորտներին վերաբերող համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմքում ընկած են նաև մշակութային կապերի զարգացմանը միտված քայլերը:
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին իր հերթին ընդգծել է՝ հատկապես կրթության ոլորտում համագործակցությունը կարևոր ուղղություններից է: Նա տեղեկացրել է, որ Լատվիայի կառավարության ուշադրության կենտրոնում են ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության ոլորտները:
Դեսպանը տեղեկացրել է, որ նշված ոլորտներում կիրառվում են նորարար մի շարք մեթոդներ, որոնք թույլ են տալիս աշակերտներին արագ կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում:
Էդիթ Մեդնեը տեղեկացրել է, որ լատվիական կրթական մոդելը Եվրոպայում լավագույններից մեկն է, որը փորձարկվում է նաև այլ երկրներում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել հայաստանյան փորձը՝ նշելով, որ Հայաստանում որակյալ կրթական ծառայությունների մոդելներ կան:
Նա հատկապես առանձնացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը:
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում: