Երևանի և Բաքվի միջև բանակցային ակտիվ փուլերի միջակայքում քննարկումների ինտենսիվությունը պահպանվում է։ Հունիսի 12-ին Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Նախորդը շուրջ մեկ ամիս առաջ էր․նույն վայրում նույն պաշտոնյաների բանակցությունները շարունակվել էին 4 օր։  Առայժմ պարզ չէ, թե որքան կտևեն Միրզոյան-Բայրամով բանակցություններն այս անգամ, բայց ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը հայտարարում է՝ «անհամբեր սպասում են» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։ Մինչ այդ Երևան է ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ինչպես Տոյվո Կլաարն է ձևակերպել, «շարունակելու Եվրամիության բարձր մակարդակի ներգրավվածությունը»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երևանյան առաջին հանդիպման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցերը:

Ուշագրավ է, որ 3 օր առաջ պաշտոնական Մոսկվան էր հայտարարել՝ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման մասին հենց Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու հարցում։ Մինչև այդ հայտնի էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղու վերականգնման համար Հայաստանը Մեղրիի հատվածում պետք է 45 կմ երկաթգիծ կառուցի շուրջ 200 միլիոն դոլար արժեքով։

Մոսկվա մեկնելուց առաջ Մհեր Գրիգորյանը ժամկետ էր նշել․ եթե պայմանավորվածությունները ձեռք բերվեն, ապա վերականգնումը կտևի 2–3 տարի։ Սա այն հարցն է, որը բանակցությունների հենց սկզբից գրավել է Հայաստանին։

«Երկաթուղին շատ ավելի շատ ավելի ակնհայտ արդյունավետ ենթակառուցվածքային լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն և կավելացնեն։ Այդ տարբերակը այս պահին ամենահավանականն է թվում։ Դա է հիմնական պատճառը, որ ամենասկբից դեռևս ավելի շատ կենտրոնացած ենք եղել այդ տարբերակի վրա։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե այդ տերմինի տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ՝ ոչ։ Դա «կարմիր գիծ» է»։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երևանյան այցի ամբողջ օրակարգը հայտնի չէ։ Նա ինքնաթիռից թվիթերյան գրառմամբ էր տեղեկացրել այցի մասին։ Նշելով միայն Երևանը՝ ձևակերպել էր նպատակը՝  « ժամանում է ՝շարունակելու Եվրամիության բարձր մակարդակի ներգրավվածությունը»։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Կլաարը Երևանից կմեկնի Բաքու։



Իսկ բանակցությունների հաջորդ փուլը պատրաստվում է հյուրընկալել Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ծրագրված է հունիսի 12–ին։ Նույն վայրում նույն պաշտոնյաների մասնակցությամբ նախորդ հանդիպումը մայիսի սկզբին տևեց 4 օր։

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ  անհամբեր սպասում են այս ամսվա վերջին Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային: Վաշինգտոնում կարծում են, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Պատելի ձևակերպմամբ՝ ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները  ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ առաջնորդների մասնակցությամբ։

Հունիսի Վաշինգտոնին փոխարինելու է հուլիսի Բրյուսելը, ապա՝ հոկտեմբերի Գրանադան։  Սա արդեն համաձայնեցված հանդիպումների ժամանակացույցն է։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը համոզված է, որ հատկապես հնգակողմ հանդիպումները կշարունակվեն, իսկ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրման պատրաստ կլինի այն պահին, երբ համապատասխանի ՀՀ շահերին։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը տպավորություն ունի, որ այս փուլում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է միջազգային հանրությանը՝ «DIALOGUE» հաղորդաշարում ասել է դեսպանը։

«Մեր խոսույթը այս փուլում հասկանալի է միջազգային հանրության համար և դրա համար արդեն դիսկոմֆորտ է առաջացնում հակառակ կողմի մոտ։ Այո, եթե դուք պատրաստ եք փոխադարձ միմյանց ճանաչել, ի՞նչ մ,նաց չկարգավորված, մնաց չկարգավորված ԼՂ–ում ապրող հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը։ Չեմ կարող շատ բացվել, բայց երբ Հայաստանը այնքան կոնստրուկտիվ քայլեր է արել, որ հիմա Ադրբեջանը չի հասցնում այդ կոնստրուկտիվ քայլերին համահունչ գործողություններ կատարի, ես կարծում եմ, որ նաև կա այդ ընկալումը, որ մենք շատ ավելի պոզիտիվ ու կոնստրուկտիվ օրակարգով ենք, քան Ադրբեջանն է այս պահին, որովհետև Լաչինի մասին վերջին հայտարարությունները դրա մասին են խոսում։ Այսինքն՝ մենք ցույց ենք տալիս Լաչինում արված կամ դրանից առաջ արված հայտարարությունները, որ փաստեր են։ Գործողությունները՝ հարձակումներ, կրակոց, ՀՀ տարածքից առևանգված նոր ռազմագերիներ»։ 

Խաղաղության օրակարգը նույնչափ պոզիտիվ չէ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի ընկալմամբ։ Նա նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին։ Համարում է, որ  պայմանագիրը ներկա տեսքով ստորագրումը  արցախցիների համար կենթադրի ինքնորոշման իրավունքից  հրաժարում և վերահսկողության կորուստ  կյանքի, ազատության և հողի նկատմամբ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն