Ջրամբար կառուցելու անհրաժեշտություն ու ցանկություն կա, նախագծող՝ գրեթե ոչ
Հայաստանի կառավարությունը սկսել է ակտիվ ջարմբարաշինական ծրագրեր իրականացնել։ Բայց պարզվում է նախագծողներ գրեթե չունենք։ Հեշտ չէ ջրամբար նախագծելը։ Այստեղ հաշվի են առնվում բոլոր մանրամասները՝ տեղանքի ճիշտ ընտրությունը, հիդրոլոգիական ու տոպոգրաֆիական տվյալները և այլն։ Երբեմն նախագծման աշխատանքները կազմակերպելու համար մասնագետներ են հրավիրվում դրսից։ Տարիներ շարունակ ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է՝ փաստում են Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Բայց և նկատում են՝ այս տարի, օրինակ, դիմորդների թվի աճ է նկատվում։
Հավաքել ջուր, բայց ոչ թե կենցաղում օգտագործելու, այլ ոռոգման խնդիրները լուծելու համար։ Աշխարհում ընդունված պրակտիկա է։ Հայաստանում էլ այդ պրակտիկան, ինչպես աշխարհում, կիրառվում է ջրամբարների տեսքով։ Թե՛ կենցաղի համար հավաքվող ջրի դեպքում, և թե՛ ոռոգման պարագայում, կարևորը տարան է, դրա ծավալն ու որակը։
Հայջրնախագիծ ինստիտուտի կառուցվածքների բաժնի վարիչ Վաչիկ Սահակյանը ջրամբարների նախագծմամբ զբաղվում է 1980–ականներից։ Ինստիտուտում այժմ պատարաստում են կառավարության ծրագրած 15 միջին ու փոքր ջրամբարներից հինգի աշխատանքային նախագծերը։ Ինչի՞ց է սկսվում նախագծումը․
«Ուսումնասիրում ենք տեղանքը, ընտրում ենք հարմար թաս, որ կառուցենք ջրամբարը, պատվարը դնենք, հիդրոլոգիական, երկրաբանական ուսումնասիրություններ ենք կատարում։ Միկրոսեյսմիկա ենք անում, որ հասկանանք, թե տարածքի սեյսմիկան ինչ վիճակում է։ Ըստ այդ երկրաբանական, տոպոգրաֆիական տվյալների հաշվարկներ ենք անում՝ ինչ պատվար ենք կառուցելու և ինչ ծավալ ենք ստանալու»։
Ջրամբար կառուցելիս կարևոր է ցանկացած մանրուք՝ հաշվարկներ են ու բարդ աշխատանք։ Թեև աշխատանքը հետաքրքիր է, ցածր աշխատավարձի պատճառով ջրամբար նախագծելը դառնում է անգրավիչ երիտասարդների համար․
«Մենք պետությունից դոտացիա չենք ստանում։ Մերը հիմնականում աշխատանքն է, որի վճարումը հենց դրանից է կախված։ Մենք չենք կարողանում երիտասարդներին բարձր աշխատավարձ վճարել»։
Ջրամբար նախագծողներ պատրաստում են Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը ընդգծում է՝ տարիներ շարունակ ինժեներական բոլոր մասնագիտությունների նկատմամբ է հետաքրքրությունը կորել։ Այժմ ոլորտը սկսել է զարգանալ, ուստի մասնագետների պակասը նկատելի է առավել քան երբևէ․
«Մասնագետների բաց ունենք, այժմ դրսից մասնագետներ ենք հրավիրել, որ նախագծեն։ Նախագծման փուլում են երկուսը, որոնց նախագծման համար հրավիրել ենք նրանց։ Հույս ունենք, որ տարիների ընթացքում կստեղծենք մասնագիտական բազան, ներդնելով նաև միջազգային փորձը»։
Այժմ նախագծի հենքի վրա են կրթություն տալիս՝ ասում է դեկանը, մանրասնելով՝ յուրաքանչյուր մասնագիտության դեպքում գրեթե 4–5 նախագծային համակարգչային ծրագրեր են սովորեցնում։
Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանում փաստում են՝ ինժեներական մասնագիտությունների նկատմամբ տարեցտարի հետաքրքրությունն ավելանում է։ Վստահեցման հիմքում թվերն են՝ այս ուսումնական տարվա դիմորդների քանակը։ Համալսարանի ընդունելությունների բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը նշում է․
«Առաջին փուլը արդեն ավարտվել է, առջևում երկրորդ փուլն է, ու թափուր տեղերով ընդունելության հայտագրում։ Ակտիվությունը աննախադեպ է։ Հատկապես մեր բուհի պարագայում։ Նախորդ տարվա առաջին փուլի 793 դիմորդի փոխարեն ունեցել ենք 951 դիմորդ»։
Քիչ պահանջվածների մեջ կան խիստ կարևոր ու տնտեսության համար անհրաժեշտ մասնագիտություններ, ինչպես օրինակ՝ աշխարագրական տեղեկատվական համակարգերը։ Ջրամբար նախագծողները նույնպես պահանջվածների ցանկում չեն։ Բայց շինարարությամբ հետաքրքրվողներ լինում են․
«Ինժեներական, հատկապես շինարարական մասնագիտութուններով հետաքրքրվողներ կան։ Հայաստանում էլ շինարարությունը զարգանում է, բայց նույն առաջընթացը չի, ինչ որ դիզայներական մասնագիտություններում»։
Շինարարության ոլորտում աշխատաշուկան մեծ է, գայթակղիչ։ Բայց ինժեներական կրթությունը բարդ է՝ ասում է Հայկ Սարգսյանը։ Նշում է՝ կան մասնագիտություններ, որոնց միջոցով հնարավոր է ավելի հեշտ գումար աշխատել։ Բայց է Հայկ Սարգսյանը նաև ընդգծում է՝ ոլորտում մասնագետ–շինարարը կարող է ավելի շատ գումար վաստակել, ավելի շատ, քան օրինակ ՏՏ–ում կամ հեռահաղորդակցության ոլորտում։
Մեկ հետաքրքրական փաստ նույնպես․
«Շատ հաճախ ինժեներական մասնագիտությունների համար հասուն տարիքում են դիմում՝ 30–35 տարեկանում։ Երբ աշխատում են, զգում են վարձատրության գումարի մեծությունը։ Շինարարությամբ զբաղվելը հաճելի է, ստեղծագործական ճանապարհ է։ Այդ ժամանակ են սկսում փնտրել կրթությունը։ Կատարվում է ոչ թե կրթություն–աշխատաշուկա, այլ աշխատաշուկա –կրթություն։ Շղթան հակառակ կողմից է գործում»։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ոլորտում առկա է 170 թափուր աշխատատեղ, մինչդեռ ՏՏ–ում՝ ընդամենը 10–ը։ Աշխատավարձի մասով, սակայն, պատկերը այլ է, վիճակագրության համաձայն ՏՏ ոլորտում վարձատրությունը բարձր է։ Շինարարության ոլորտում՝ միջինում 238 հազար դրամ է, ՏՏ–ում՝ մոտ 800 հազար։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում՝ շուրջ 630 հազար դրամ է։ Այս տարվա փետրվարին շինարարության ոլորտում ներգրավված է մոտ 28 հազար մարդ, տեղեկատվության ու կապի ոլորտում՝ ավելի քան 43 հազար։