ՀՀ-Ն ԱՆՍԱՍԱՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին` Հայաստանն անսասան է ժողովրդավարության համոզմունքների մեջ: Եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի հետ հանդիպման ընթացքում:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ամբողջ աշխարհի համար այն հեռանկարը, որ հետխորհրդային պետությունը կընդունի իրական ժողովրդավարական ուղին, կմերժի օրուելյան ֆարսը, որը տեղի է ունենում ժողովրդավարության անվան տակ, առնվազն զարմանալի պետք է լինի: Այնուամենայնիվ, ես հպարտությամբ պնդում եմ, որ Հայաստանն ընտրել է հենց այդ ճանապարհը: 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Այս ոչ բռնի գործողության շնորհիվ հայ ժողովուրդը կողմնորոշվեց իր ապագայի հարցում, մերժեց մեր երկիրն ավելի քան երկու տասնամյակ կառավարող իշխանություններին և ազատ ընտրություններով ձևավորեց նոր խորհրդարան՝ իր պետության շահերը պաշտպանելու համար: Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա սարսափելի պատերազմից հետո մեր ժողովուրդն արտահերթ ընտրություններում քվեարկեց ներկա իշխանությունների օգտին՝ համարելով, որ նրանք միակ ուժն են, որն ունակ է իրեն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման, ներառական հասարակության ստեղծման և բոլորի բարգավաճման ճանապարհով:

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է իր առջև դրված առաքելությունը կատարելու վճռականության մեջ:

Ալեն Սիմոնյան - Հայաստանը վճռական է բարգավաճելու անվտանգ և խաղաղ տարածաշրջանում, որն անկախ է արտաքին ցանկացած սպառնալիքից: Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևաններից: Մենք ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը և ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սրանք են մեր հիմնական սկզբունքներն ու մեր մանդատի էությունը: Բայց մենք ավելիին ենք ձգտում: Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հսկայական չօգտագործված ներուժ ունեցող խաչմերուկ՝ Արևելքն ու Արևմուտքը կապող երկիր, առևտրի երկիր, որի շնորհիվ ժողովուրդները միավորվում են, իսկ թշնամանքը հանդարտվում է:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ գործակցությունը, հույս հայտնել համատեղ ջանքերով ամրապնդել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ալեն Սիմոնյան - Մենք շատ ուրախ ենք ողջունել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը և հուսով ենք, որ այն նոր դարաշրջան կբացի մեր երկկողմ հարաբերություններում: Թույլ տվեք ընդգծել մեր հարաբերությունների իրավական դաշտի կարևորությունը: Այս առումով առաջնային նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը:

ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը Ալեն Սիմոնանը քննարկել է Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած հումանիտար վիճակը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային: Ալեն Սիմոնյանը Լոնդոնում հանդիպել է նաև Լորդերի պալատի խոսնակ Լորդ Մըքֆոլլի հետ, նրան հրավիրել Հայաստան:

Հեղինակ` Նորայր Շողիկյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն