206 նպաստառու և հաշմանդամություն ունեցող գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ
Զբաղվածության խթանման միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ միջոցառմամբ նախատեսված է հաշմանդամություն ունեցող գործազուրկների, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման նպատակով գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։ Մասնավորապես, նախատեսվում է 2023 թ. ընթացքում միջոցառման միջոցով աջակցել 206 գործազուրկ անձի, որից 63-ը հաշմանդամություն ունեցող, իսկ 143-ը՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամ:
Գործադիրը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը: Ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները:
Համալիր ծրագրում սահմանվել են 7 առաջնահերթություններ, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, խտրականության բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։ Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: