Մահակով և գազի «բալոնով» ման եկող, քաղաքացու ծեծած ՔՊ-ականը ձերբակալվել է
ՔՊ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․
«2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանագամանքներ օպերատիվ ճանապարհով պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են»։
Նշենք, որ հունիսի 7-ի երեկոյան Արագածավան բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին։ Ըստ նրանց, սա առաջին միջադեպը չէ։
Սուրեն Թորոսյանն ինքը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել էր մեկ այլ արարքի մասին, թե ինչպես է 7-ամյա արցախցի երեխային «չոլի մեջ» իջեցրել Փաշինյանին դավաճան ասելու համար։