Աշխարհի ամենահարուստ մարդը ՆԱՍԱ-ին 2 մլրդ դոլար է առաջարկել` լուսնային ծրագրում ներառվելու համար
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսն առաջարկով դիմել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (ՆԱՍԱ), գրում է BBC-ն` մանրամասնելով, որ խոսքը Լուսնի վրա վայրէջքի համար հատուկ մոդուլի կառուցման մասին է:
Հայտնի է, որ Amazon և Blue Origin ընկերությունների հիմնադիրը ՆԱՍԱ-ին 2 մլրդ դոլար է առաջարկել, որպեսզի գործակալությունը վերանայի համապատասխան պայմանագրում Blue Origin-ի ներառումը:
Աղբյուրը գրում է, որ դեռևս ապրիլին ՆԱՍԱ-ն մերժել էր Բեզոսի Blue Origin-ի տարբերակը` փոխարենը պայմանագիր կնքելով մեկ այլ մեծահարուստի` Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ: Խոսքը 2,9 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի մասին է:
Այս գումարով ընկերությունը պետք է կառուցի Լուսնի վրա վայրէջքն ապահովող այնպիսի համակարգ, որը 2024-ին կկարողանա տիեզերագնացներին Երկրի բնական արբանյակի մակերեևույթ հասցնել:
Նշվում է, որ ՆԱՍԱ-ն կարող է պայմանագիր կնքել միայն մեկ ընկերության, այլ ոչ թե երկուսի հետ, ինչը պայմանավորված է պետության կողմից ֆինանսավորման պակասով: Հայտնի է , որ Կոնգրեսը Լուսնի վրա վայրէջքի համար նախատեսված մոդուլի կառուցման նպատակով գործարակալության խնդրած 3,3 մլրդ դոլարի փոխարեն հատկացրել է ընդամենը 850 մլն դոլար:
Այժմ Բեզոսը ՆԱՍԱ-ի ղեկավարին ուղղված իր նամակում նշել է, որ Blue Origin-ը 2 մլրդ դոլարի ծավալով կվճարի գործակալության ծախսերը, ինչի համար Blue Origin-ը պետք է ներառվի պայմանագրում: