Էրեբունի-Նուբարաշեն չափաբաժնի և Շենգավիթ-Աջափնյակ չափաբաժնի կապալառու կազմակերպության հետ պայմանագրի խզման ենք գնացել: Այդ մասին ավագանու նիստին, անդրադառնալով մայրաքաղաքի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ծավալների վերահաշվարկի և գույքագրման արդյունքում հրատապ կկազմակերպվի նոր մրցույթ:

Հրատապը մրցույթ չէ, հրատապը գնում է 1 անձից, վարչության պետի ելույթին արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Արդեն որերոդ շաբաթն է՝ էս փոսերի մասին խոսում եմ, հարգելի՛ գործընկերներ, երրո՞րդ, չորրո՞րդ: Հատուկ նախորդ նիստից հետո մի հատ էլ առանձին փակ քննարկում ենք անում վարչական շրջանների ղեկավարների, ձեզ հետ, պարո՛ն Գրիգորյան, և դեռ փոսերի մասին քննարկումներն ակտուալ են։

Ինչքա՞ն ասեմ՝ փոսե՛ր, փոսե՛ր, փոսե՛ր, փոսե՛ր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու»,- հարցրեց Ավինյանը, ապա, խոսքն ուղղելով վարչական շրջանների ղեկավարներին՝ հիշեցրեց, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ իրենց պատասխանատվությունն է։

«Ի՞նչ չունեք, ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք, էլի, ուզում եմ հասկանալ, ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանել այս հարցին։ 3 շաբաթ է, պարո՛ն Գրիգորյան, ես հայերենով ասում եմ՝ փոսեր։ Մետրո պետք է կառուցենք Աջափնյակի, մի ամիս է՝ փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը սենց, էս մեկը գնաց, նկարեց: Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարենք, ու հատուկ նախորդ նիստից հետո բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, փոսերի անուն չլսեմ։

Էս վերջին շաբաթն է, հրատապով կլինի, մեկ անձից կլինի, ուզում եք՝ անձամբ գնացեք, էդ ասֆալտը լցրեք։ Այ իրոք, հաջորդ երկուշաբթի ևս մի հատ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- բարկացավ Տիգրան Ավինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն