Գայի պողոտայում առաջին գիծը միայն հասարակական տրանսպորտի երթևեկության համար է
Գայի պողոտայում իրականացվել է ճանապարհային երթևեկության կազմակերպան փոփոխություն, և հունիսի 11-ից պողոտայի առաջին երթևեկելի գոտում գործում է հասարակական տրանսպորտի համար նախատեսված, գծանշումներով առանձնացված երթևեկելի գիծ:
Երևանի ավագանու որոշման արդյունքում Գայի պողոտայում հասարակական տրանսպորտը կունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, և օրվա պիկ ժամերին կերթևեկի առանց խցանումների: Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերում կբացառվի նաև վազանցը, կբարձրանա պողոտան սպասարկող 26 երթուղիների միջին արագությունը, ինչն էլ կնպաստի տրանսպորտի հաճախականության գրաֆիկի պահպանմանը: Հասարակական տրանսպորտի համար առանձնացված գիծը կտեսանկարահանվի, և խախտումների դեպքում վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ավագանու նիստի ընթացքում որոշմանն անդրադառնալիս Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ սա փորձնական ծրագիր է, և որ պետք է ուսումնասիրել նաև տրանսպորտի համար նախատեսված գծանշումների մասով Թբիլիսիի փորձը:
«Իրենք վստահաբար խնդիրներ ունեցել են, հիմա էլ ունեն, թրաֆիկը ահավոր է հիմա այնտեղ հենց նույն գծանշումների պատճառով: Պետք է հասկանալ՝ որն է պատճառը»,- ասաց Տիգրան Ավինյանը: