Ղրղզստանն ու Տաջիկստանը համաձայնության են եկել սահմանային վեճերի կարգավորման գործընթացն արագացնելու շուրջ
Ղրղզական և տաջիկական կողմերը համաձայնության են եկել երկու երկրների միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման ավարտի գործընթացի արագացման շուրջ։ Այդ մասին AKIpress գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։
Նրա խոսքով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այս հարցը քննարկել են հունիսի սկզբին Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ։
«Կա նախնական համաձայնություն, որ այդ հարցն արագացվի: Մեր նախագահը հայտնել է իր դիրքորոշումները, և նրանք (խմբ.՝ տաջիկական կողմը) քննարկում են դրանք: Մենք ունենք քաղաքական կամք այդ հարցը լուծելու համար և բարձրաձայնել ենք մեր տեսլականը: Հուսով ենք, որ նրանք դա դրականորեն կդիտարկեն», - ասել է նա:
Իմանկուլովը հույս է հայտնել, որ սահմանային հարցերը ղրղզատաջիկական սահմանին կկարգավորվեն։
«Մենք տալիս ենք մեր իրական տարբերակները: Սահմանների հարցերը շատ բարդ են, երբեմն փոխզիջումներ են անհրաժեշտ, երկուստեք համաձայնություն: Պատրաստ ենք նստելու բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղ լուծում գտնելու», - ընդգծել է անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից։ Ներկայում սահմանային գծի ավելի քան երկու երրորդը որոշվել և փոխադարձաբար ճանաչվել է պետությունների կողմից, մնացած հատվածները մնում են վիճելի:
Այս հարցի չկարգավորվածությունը բազմիցս դարձել է տեղի բնակիչների և երկու հանրապետությունների զինծառայողների մասնակցությամբ բախումների պատճառ, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականի աշնան սկզբին. ղրղզական կողմից բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 60 մարդ: