Իրանում տեղի է ունեցել Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի բացման արարողությունը. Իրանում ՀՀ դեսպանություն
Հունիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի բացման արարողությունը։
Չվերթի բացման արարողությանը ներկա են եղել ԻԻՀ և ՀՀ մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու Թեհրանի հարավում գտնվող Էմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի ղեկավար Սայիդ Չալանդարին:
Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
«FlyOne Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը երկու երկրների միջև ուղիղ չվերթ սկսելու նպատակների մասին խոսելիս կարևորել է թռիչքների ավելացման ազդեցությունը տնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում։
Թռիչքի բացման արարողությունից հետո հյուրերին Ազգային Առաջնորդարանում ընդունել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «FlyOne Armenia»-ն տվել է Երևան-Թեհրան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը: