ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հանդիպման նպատակն էր ամրապնդել և զարգացնել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով:

«Վահե Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաև կիբերհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։ Կողմերը մտահոգություն հայտնեցին նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։

Վահե Ղազարյանը նշեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։

Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն