Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, հարաբերությունները կարգավորելու եզակի հնարավորություն է. Սիմոնյան
Թուրքական կողմը ցանկություն ունենալու պարագայում կարող է անընդհատ պատճառներ բերել, կարող է Նեմեսիսի արձանը չլինել, ուրիշ բան լինել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Նեմեսիսի արձանի տեղադրման հետ կապված Անկարայի դժգոհությունների մասին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ ու չի կարող լինել, բայց նորից եմ ասում, որ դա ընդամենը առիթ էր Թուրքիայի համար»,- ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա Ալեն Սիմոնյանն ասաց հետևյալը. «Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ այդ կամքը կա այս փուլում, հարաբերությունները կարգավորելու եզակի հնարավորություն է պատմական, և հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է՝ նույնիսկ անցնելով մեծ քննադատության միջով, բայց հայ ժողովրդին երկարատև խաղաղության բերելու համար»:
Խոսելով Թուրքիայի նախագահ էրդողանի երդմնակալության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա կատարած այցի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. «Այցի ընթացքում որևէ պաշտոնական հանդիպում չի եղել, բայց այցը բավականին լավ է անցել: Ես պետք է ասեմ, որ վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում՝ թե՛ թուրք քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության, և վարչապետի այցը, կարելի է ասել, այդ միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկն է եղել: Եվ նաև որոշ գործընկերներ մի փոքր, այսպես ասած, նեղսրտել են, որովհետև նախագահ Էրդողանն առաջին շարքին բարևելուց հետո յուրահատուկ մոտեցել է և երկրորդ շարքում նստած վարչապետին առանձնահատուկ ողջունել է: Ընդհանուր այցը բավականին դրական է եղել»: